Մեկնարկել է ֆուտբոլի Մ-21 տարեկանների Եվրոպայի 2023 թ-ի առաջնության ընտրական փուլը:
Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Խաղի մեկնարկում տանտերերը 2 լավ հնարավորություն ունեին, սակայն 2 դեպքում էլ դարպասում վստահ գործեց Ներսեսյանը: Աստիճանաբար մեր թիմը հավասարեցրեց խաղն ու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն հարվածները կամ շեղ էին, կամ էլ տանտերերին փրկում էր դարպասապահը: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտից հեռացվեց Երջանիկ Ղուբասարյանը:
Երկրորդ խաղակեսում տանտերերը 2 գնդակ ուղարկեցին մեր դարպասը. 68-րդ ու 84-րդ րոպեներին 2 անգամ աչքի ընկավ Ջոն Յոհանեսենը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց 0-2 հաշվով:
Հիշեցնենք, որ մեր երիտասարդական հավաքականն ընդգրկված է H խմբում, որտեղ հայ տղաները կմրցեն Ֆրանսիայի, Սերբիայի, Հյս. Մակեդոնիայի, Ուկրանիայի ու Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ: