Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ հեռուստահաղորդավար Գարի Լինեկերն արձագանքել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղի վերջին րոպեներին խփած հաղթական գոլին (2-1)։
Անկյունայինի խաղարկման ժամանակ դարպասապահը եկել է մրցակցի տուգանային հրապարակ ու հետևած փոխանցումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկել դարպասը․
«Աստված իմ։ Հիմա ես տեսել եմ ամեն ինչ։ «Լիվերպուլի» դարպասապահի գոլը վերջին վայրկյանին։ Ալիսոնը՝ հրաշքների աշխարհում»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր էջում։
Բեկերը, հիշեցնենք, դարձել է «Լիվերպուլի» պատմության առաջին դարպասապահը, որը պաշտոնական խաղում գոլ է խփել։
Մերսիսայդցիները 36 խաղից հետո 63 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն են զբաղեցնում։