Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է «ՌԲ Լայպցիգին»՝ 3-2 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Մյունխենի «Բավարիան» նվաճել է Գերմանիայի չեմպիոնությունը։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Լայպցիգը» 64 միավոր է վաստակել ու 7 միավորով զիջում է «Բավարիային» (71), որը մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Բավարիան» 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբը 31 տիտղոս է նվաճել ազգային առաջնությունում (1932, 1969, 1972, 1973, 1974, 1980, 1981, 1985, 1986, 1987, 1989, 1990, 1994, 1997, 1999,2000, 2001, 2003, 2005, 2006, 2008, 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021)։
«Բավարիայի» մոտակա հետապնդողը չեմպիոնությունների քանակով «Նյուրնբերգն» է, որը 9 անգամ է դարձել Բունդեսլիգայի չեմպիոն։ Դորտմունդի «Բորուսիան» 8 անգամ է հաղթել Բունդեսլիգայում։