Հայտնի են Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակիցները․ եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի կարևորագույն խաղում կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Իսկ ահա այսօր կկայանան Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել էր «Ռոմային», իսկ «Արսենալը» արտագնա խաղում զիջել էր «Միստր Եվրոպա Լիգայի» (Էմերի) «Վիլյառեալին»։ Իրադարձությունների որոշակի զարգացումների դեպքում, հնարավոր է, որ այս տարի մենք կունենանք մաքուր անգլիական եվրագավաթային եզրափակիչներ․ ՄՅՈւ-ն արդեն մեկ ոտքով եզրափակչում է, իսկ լոնդոնյան թիմին բավարար է թեկուզ նվազագույն հաշվով հաղթանակ տանել այսօր։ Եվս մեկ հետաքրքիր դիտարկում․ առաջին անգամ պատմության մեջ, հնարավոր է, որ մանչեսթերյան երկու թիմ միևնույն մրցաշրջանում մասնակցեն եվրագավաթային եզրափակիչների։
Կլինի արդյո՞ք ֆանտաստիկ քամբեք

«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Ռոմային» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում՝ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տանելով 6-2 հաշվով հաղթանակ։ Կարելի ասել, որ Սուլշերի սաներն արդեն առաջին խաղում լուծել են իրենց առջև դրված խնդիրը։ Իսկ թե ի՞նչ կարելի է ակնկալել պատասխան խաղում, բացարձակապես անհնար է ներկա պահին հստակ եզրակացություններ անել։ Մի կողմից, «Ռոման» պետք է փորձի նվազագույնս «պատիվը ետ բերել»․ հասկանալի է, որ անգլիական թիմի արգելքը հաղթահարելը գրեթե անհար է, բայց հռոմեացիները գոնե պետք է փորձեն սփոփիչ հաղթանակ տանեն։
Մյուս կողմից, օրերս հայտնի դարձավ, որ Ֆոնսեկան կլքի թիմը մրցաշրջանի ավարտից հետո, իսկ նրան կփոխարինի Մոուրինյուն։ Տվյալ նորությունը դեռ պարզ չէ, թե ինչպիսի ազդեցություն կունենա թիմի վրա, պարզ չէ նաև՝ ինչպիսի տրամադրություն է տիրում հռոմեացիների հանդերձարանում։ Կփորձի՞ Ֆոնսեկան հաղթական նոտայով հեռանալ Հռոմից (հավանաբար՝ ոչ միայն Ֆոնսեկան), թե՞․․․
«Ռոմայի» ավագ և կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղում կրած ջախջախիչ պարտությունը․
«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք։ Չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ երկրորդում։ Կփորձենք էպիկ քամբեք իրականացնել պատասխան խաղում։ Ընդմիջմանը մենք զրուցում էինք հանդերձարանում ու ասացինք ինքներս մեզ, որ պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես առաջին կեսում։ Դժվարանում եմ մեկնաբանել երկրորդ խաղակեսը»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Համենայն դեպս, անկախ ամեն ինչից, Հռոմում այսօր շատ թեժ հանդիպում է սպասվում։ Էպի՞կ․․․ դժվար թե, բայց 99%-ով շատ թեժ։
Իսպանացի մարզիչների դուելը

Եվս մեկ հետաքրքիր փաստ․ անկախ ամեն ինչից՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում մեկ իսպանացի մարզիչ կլինի՝ կամ Արտետան («Արսենալ»), կամ էլ Էմերին («Վիլյառեալ»)։ Ի դեպ, մեկ իսպանացի մասնագետ արդեն կա ՉԼ եզրափակչում՝ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։
Արդեն նշեցինք, որ հնարավոր են զուտ անգլիական եզրափակիչներ, սակայն որքան էլ որ արտառոց է՝ այդ խաղերում մենք չենք տեսնի ոչ մի անգլիացի մարզչի (թեկուզ եթե անգլիական եզրափակիչներ չլինեն)։ Լավ, շատ չշեղվենք մեր բուն թեմայից։
Եթե մյուս խաղում մանկունիանցիները գրեթե լուծել են իրենց խնդիրը, ապա այս խաղում ամեն ինչ կախված կլինի այսօրվա խաղից։ Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթել էր 2-1 հաշվով, որը բավականին վտանգավոր հաշիվ է Էմերիի թիմի համար այն տեսանկյունից, որ լոնդոնցիներին բավական կլինի թեկուզ հաղթել նվազագույն հաշվով։ Երկու թիմի համար էլ շատ կարևոր է այս մրցաշարում հաղթանակ տանելը, քանի որ և՛ Արտետայի, և՛ Էմերիի թիմի համար սա միակ հնարավորությունն է հաջորդ տարի ՉԼ-ում հանդես գալու համար։ Դե ինչ, այս խաղում այս երեկո սպասվում է իսկական պատերազմ ։
Հիշեցնենք, երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
Վար Բաբայան