«Բարսելոնայի» ղեկավարությունն, ինչպես հայտնի է, իր նախկին ֆուտբոլիստ Չավիին առաջարկել է փոխարինել Էռնեստո Վալվերդեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Կատալոնական ակումբում ցանկանում են, որ 39-ամյա մասնագետը մինչև վաղը՝ հունվարի 12-ը, վերջնական պատասխան տա:
Այս մասին հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կապտանռնագույնները պատրաստ են Չավիի հետ պայմանագիր կնքել, որը նախատեսված կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ի սկզբանե, «Բարսելոնայի» ղեկավարները ցանկանում էին, որ ֆուտբոլիստը թիմը գլխավորի միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Աթլետիկոյից» (2:3) կրած պարտությունը նրանց ստիպեց մտափոխվել:
Չավին իր մարզչական կարիերան սկսել է 2019 թվականի մայիսին՝ գլխավորելով «Ալ-Սադը»: Նրա պայմանագիրը քաթարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
«Բարսելոնան», 19 խաղից հետո վաստակելով 40 միավոր, գլխավորում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: