Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցել է «Յունիոնի» հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացել են բեռլինյան թիմի ֆուտբոլիստները. Մաքս Կրուզեն է բացել հաշիվն ու առաջ մղել տանտերերին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: 29-րդ րոպեին հաշիվը հավասարվել է. «Յունիոնի» կազմում Նիկո Շլոտերբեկն է գրավել սեփական դարպասը:
Խաղավարտին՝ 83-րդ րոպեին «Հոֆենհայմը» կարող էր հաղթանակ կորզել, սակայն չեխ պաշտպան Պավել Կադերաբեկի խփած գոլը չի հաշվվել. դիմելով VAR-ի օգնությանը՝ մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների նստարանին է սկսել հանդիպումը, և փոխարինման է դուրս եկել միայն 90-րդ րոպեին:
Այս հանդիպումից հետո «Հոֆենհայմը» իր միավորների թիվը հասցրել է 27-ի և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Բեռլինի «Յունիոնը» 34 միավորով 6-րդ տեղում է: