Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հոֆենհայմին» ու չկարողացավ հաղթանակի հասնել։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
24-րդ րոպեին հանդիպման հաշիվը տանտերերի կազմում բացեց Ջեյդոն Սանչոն, իսկ 31-ին՝ Դեբուրը հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Բեբուն։ Դորտմունդցիներին պարտությունից փրկեց Հոլանդը՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց խաղին։
Այս կերպ, «Բորուսիան» 33 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Հոֆենհայմը» 23 միավորով՝12-րդ։