«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, որն այժմ մարզում է Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օրտա» թիմը, կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ եթե ակումբի նախագահի ընտրությունները հաջող դասավորվեն Ժոան Լապորտայի համար, ապա Վալդեսը կվերադառնա «Բարսելոնա»: Բանն այն է, որ Վալդեսն ու Լապորտան մտերիմ ընկերներ են: Ժոանն իր կնոջ հետ 2017 թվականին ներկա է գտնվել Վալդեսի հարսանիքին:
2019 թվականին Վալդեսը գլխավորեց «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, սակայն 3 ամիս անց հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:
Վիկտորը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում ընդգրկվել է 1995 թվականից: Կապտանռնագույնների գլխավոր թիմի կազմում իսպանացի դարպասապահը հանդես է եկել 2000-ից 2014 թվականներին և այդ ընթացքում հասցրել է 21 տիտղոս նվաճել ակումբի հետ: Ակումբից հեռանալուց հետո նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստանդարդում» և «Միդլսբրոյում», իսկ 2019 թվականին ավարտել է կարիերան: