Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»:
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալ»-ի կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:
«Ստալ»-ի կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրանիայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում Հայաստանի առաջնության 22 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատ»-ին: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատ»-ը հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատ»-ը համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։