Հանգստյան օրերին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մարզադահլիճում կայացավ մարզաձևի Հայաստանի առաջնությունը: Երկօրյա պայքարում փոքր ռակետի վարպետները պարզեցին Հայաստանի չեմպիոններին ու մրցանակակիրներին:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս տղաների և աղջիկների մրցաշարին մասնակցում էին 24-ական մարզիկներ: Տղաների պայքարում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Հարություն Հարությունյանը: Վերջինս եզրափակաչում առավելության հասավ Հայաստանի 7-ակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանի նկատամամբ:
«Վերջին տարիներին ավելի շատ կենտրոնացել եմ մարզչական աշխատանքի վրա և քիչ եմ մարզվում: Ես Շենգավիթի Սեղանի դպրոցի մարզադպորցի տնօրենն եմ և կարող եմ ասել, որ շատ լավ երեխաներ ունենք: Սեղանի թենիսը մեզ մոտ գնալով զարգանում է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով մեծահասակաները չեն մասնակցում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը: Դրա համար պետք է որակավորման փուլեր հաղթահարես և հետևաբար մեծ ֆինանսների կարիք կա, այդ պատճառով միջազգային մրցաշարերի մասնակցում եմ միայն պատանիները»,-նշեց Մեսրոպ Ղուկասյանը:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանն ամփոփելով տղամարդկանց առաջնությունը նշում է. «Նախորդ տարվա համեմատ մասնակցիների թվի մեջ փոփոխություն չկար: Եզրափակիչը շատ հետաքրքիր ստացվեց: Առաջին անգամ չեմպիոն դարձավ Հարությունը, ով հաղթեց մեր վետերան Մեսրոպ Ղուկասյանին»:
Աղջիկների պայքարում տևական դադարից հետո առաջնությանը մասնակցեց նաև Հասմիկ Խաչատրյանը, ով իր վերադարձը նշանավորեց ոսկե մեդալով՝ եզրափակչում առավելության հասնելով նախորդ տարվա չեմպիոն Ռուբինա Վարդանյանի նկատմամբ.
«Սա իմ երկրորդ չեմպիոնությունն է: Վերջին երկու տարում ընդհանրապես չեմ մասնակցել առաջնություններին: Այս տարին ինչ-որ բանով չեմ առանձնացնի նախորդներից: Բոլորս էլ միմյանց ճանաչում ենք ու գիտենք մեկս մյուսի ուժեղ ու թույլ կողմերը: Հաղթեցի 4:1 հաշվով: Հաշվին նայելով կարելի է ասել՝ դժվար չէր, բայց իրականում դժվար խաղ ստացվեց ու պայքար կար»,-նշեց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած Հասմիկ Խաչատրյանը:
Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի խոսքով գնալով սեղանի թենիսը երկրում դառնում է ավելի մասսայական.
«Մենք ամեն ինչ անում ենք, որ սեղանի թենիսը դառնա մասսայական: Հայաստանում այսօր սեղանի թենիսով զբաղվում է շուրջ 3 հազար մարդ: Հիմնականում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Արցախում»,-նշում է Սարգսյանը:
Մեծահասակները ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցում միջազգային մրցաշարերի: Պետական աջակցությունը նախատեսված է միայն պատանի մարզիկների՝ միջազգային մրցաշարերին մասնակցությունն ապահովելու համար. «Քանի որ նախարարությունը ֆինանսական աջակցություն չի տալիս մեծերին,. այդ պատճառով հնարավորություն չունենք մասնակցելու: Մեծերը սիրում են այս մարզաձևը, մարզվում են, որպեսզի հնարավորության դեպքում միշտ պատրաստ լինեն ու մեկնեն մրցաշարի: Մենք ունենք լավ մարզիկներ, բայց ֆինանսական աջակցությունը չի բավարարում»,-ասում է է ֆեդերացիայի նախագահը:
Ֆելիքս Սարգսյանը նշում է, որ տարեկան 11 մլն դրամն այս տարի կրճատվել է 1 մլն-ով:
«11 միլիոնը բավականացնում է միայն պատանիներին 2 մրցաշարի մասնակցելու համար և վերջ: Սեղանի թենիսն այնպիսին է, որ ամեն րոպե գնալով զարգանում է: Հիմա ինձ շատ է օգնում տղաս, ով Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: Նախորդ տարի ոչ մի մրցաշարի չենք մասնակցել: Այս տարի կա պատանիների Եվրոպայի առաջնություն, եթե իհարկե չհետաձգվի, անպայման կմասնակցենք»,-եզրափակեց Սարգսյանը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ