Հայկական այն ակումբների համար, որոնք այս տարի ձմեռային ուսումնամարզական հավաքը պլանավորել էին արտասահմանում, ուղղությունը մեկն էր՝ ԱՄԷ։ Ինչու առաջնության միանգամից մի քանի ակումբ մեկնեց նույն ուղղությամբ ու ընկերական խաղեր անցկացրեց գրեթե նույն թիմերի հետ, կպատմենք ստորև։
Հավաքների կազմակերպմամբ այս անգամ զբաղվել էր 2015 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում հիմնադրված Authentic Football կոչվող գործակալությունը, որը դեկտեմբերից ներկայացուցչություն ունի նաև Հայաստանում։
Գործակալությունը հավաքներ կազմակերպելուց զատ, զբաղվում է նաև ընկերական խաղերի կազմակերպմամբ, խաղերի հեռարձակումների ապահովմամբ ու ֆուտբոլիստների և մարզիչների տրանսֆերների իրականացմամբ։
«Այս պահի դրությամբ հեռարձակումը նոր պրոդուկտ է, դեռևս միայն ընկերական խաղեր ենք հեռարձակում։ Հայաստանում դեռևս սա չենք կիրառել։ Խաղերի հեռարձակումներ ունեցել ենք Էմիրատներում՝ ռուսական ակումբների համար։ Նաև ՖԻՖԱ-ից հավաստագիր ունենք պաշտոնական միջազգային ընկերական խաղեր կազմակերպելու»,- ArmSport-ի հետ զրույցում ասաց գործակալության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Արա Ավագյանը, որի խոսքով՝ Authentic.Football-ն արդեն մշտական համագործակցություն ունի «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Արարատի» և «Ուրարտուի» հետ։ Գործակալությունը նաև Հայաստանի երիտասարդական հավաքականների համար խաղեր ու հավաքներ կազմակերպելու փորձ ունի։
Մենեջերն ասում է, որ հայկական ակումբների հետ աշխատելիս բարդություններ չեն եղել, քանի որ «երբ երկու պրոֆեսիոնալ հանդիպում են, համագործակցությունը հեշտ է լինում»։
Ուսումնամարզական հավաքի կազմակերպումը փուլային պրոցես է․
«Առաջինը ընտրում ենք երկիրը։ Այս տարի դրա հետ կապված ընտրությունը մի փոքր ավելի բարդ էր։ Գիտենք, որ ձմեռվա հիմնական ուղղությունները Թուրքիան, Կիպրոսն ու Էմիրատներն են, նաև Իսպանիան, բայց, հաշվի առնելով, որ Կիպրոսը փակ էր այլ երկրների քաղաքացիների համար, իսկ Թուրքիայի տարբերակը մեր երկրի համար չէր դիտարկվում, մնում էր Էմիրատների տարբերակը։
Այսինքն, նախ, հանդիպում ենք, բանակցում ու հասկանում գլխավոր գործոնները, որոնք հետաքրքրում են ակումբին, ներկայացնում ենք մեր առաջարկը հավաքի վայրի ու պայմանների վերաբերյալ։ Բանակցությունների հետագա փուլում կնքում ենք պայմանագիր տվյալ հավաքի համար ու սկսում զբաղվել ընկերական խաղերի կազմակերպումով»,- մանրամասնում է Ավագյանը։
Հետաքրքրվում եմ՝ իսկ կորոնավիրուսից առաջ ինչից ելնելով էին ընտրում հավաք անցկացնելու երկիրը։
Զրուցակիցս բացատրում է, որ երկիրն ընտրելիս կարևորը հարմարություններն են․ հարմար մրցակիցները, դաշտերը և եղանակային պայմանները, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան լիարժեք պատրաստվել առաջնությանը։ Ասում է, որ ընտրությունը կախված է նաև ակումբի ցանկություններից, քանի որ յուրաքանչյուր ակումբ իր բյուջեն ունի։ Մեկ խոսքով ասած՝
Ամենակարևորը լավ պայմաններն ու լավ մրցակիցներն են։
Authentic.Football-ը ներկայումս հայ ֆուտբոլիստների ու մարզիչների շահեր չի ներկայացնում, բայց աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի, ինչպես նաև հայկական ակումբների հետ աշխատած այլ ֆուտբոլիստների ու մարզիչների հետ․ Մաիլսոն Լիմա, Խոզին, Խեսուս Պուենտե, Շչերբակով։
Արա Ավագյանը հավաստիացնում է, որ շատ շուտով էլի կսկսեն զբաղվել հայ ֆուտբոլիստների հետ համագործակցությամբ, որովհետև «ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են աճ գրանցել ու կարիերան շարունակել ավելի ուժեղ առաջնություններում ու ավելի լավ ակումբներում»։
Ստելլա Բաբլոյան