Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը շարունակվում է։ Այսօր լիգայի գործող գավաթակիր «Բավարիան» հյուրընկալվելու է «Լացիոյին», «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Չելսիին»։
«Լացիո» — «Բավարիա»
Որքան էլ տարօրինակ է` «Բավարիան» լավագույն մարզավիճակում չէ մոտենում առաջիկա խաղին։ Ակումբային մունդիալում հաղթելուց հետո Հանս-Դիտեր Ֆլիկի սաները ոչ մի հաղթանակ չեն տարել։ Նրանք Բունդեսլիգայում ոչ-ոքի խաղացին «Արմինիայի» հետ (3-3), ապա հյուրընկալվելիս պարտվեցին «Այնտրախտին»։ Որոշակի անկում մյունխենյան թիմի մրցելույթներում կա, սակայն «Լացիոյի» դեմ առաջին խաղին նրանք պետք է որ կազմ ու պատրաստ լինեն` խաղալու իրենց լավագույն խաղը։
Բունդեսլիգայի վերջին երկու տուրերում մյունխենյան թիմի անկումը թերևս պայմանավորված է մի փոքր թուլանալով։ Ի վերջո նրանք 6 հնարավորից 6 տիտղոս են նվաճել ու դրանից հետո գուցե թուլանալը այդքան էլ վատ չէ։ Իսկ հիմա «Բավարիան» պետք է որ մոտիվացիայի պակաս չունենա, քանի որ նման թիմերը երբեք չեն բավարարվում հաղթանակներով ու ուզում են միշտ հաստատել իրենց չեմպիոնական կարգավիճակը։
«Լացիոն», իհարկե, այս դիմակայությունում շատ շանսեր չունի։ Հռոմեական թիմը վատ մարզավիճակում չէ։ Ա սերիայի վերջին 5 խաղերից նրանք հաղթել են 4-ում՝ պարտվելով միայն «Ինտերին», որը ուղղակի անկասելի է թվում վերջին շրջանում։ «Լացիոյի» մարզավիճակը թույլ է տալիս մտածել, որ մանավանդ առաջին խաղում նրանք կռվելու են, փորձելու են առավելագույնն անել։
Տան գործոնը երկրպագուների բացակայության պարագայում այդքան էլ էական չէ, սակայն հաշվի առումով արտագնա խաղերում լավ արդյունք ցույց տալը կարևոր է։ Այնպես որ, «Լացիոն» փորձելու տնային խաղում թույլ չտալ «Բավարիային» լավ առավելություն ստանալ Մյունխեն վերադառնալուց առաջ։
«Աթլետիկո» — «Չելսի»
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից հետո ակնհայտ էր, որ այս զույգը 1/8-ի զարդերից մեկն է։ Սակայն այդ օրվանից շատ բան է փոխվել։ «Չելսին» հեռացրեց Ֆրենկ Լեմպարդին, փոխարենը նշանակեց Թոմաս Տուխելին, որը անցած տարի ՊՍԺ-ի հետ հասել էր լիգայի եզրափակիչ։ Գերմանացի մասնագետի նշանակումից հետո լոնդոնյան թիմն անցկացրել է 7 հանդիպում։ 2 ոչ-ոքի ու 2 բաց թողած գնդակ։ Ահա, թե ինչն է աչք ծակում «կապույտների» մրցելույթներում։ Լեմպարդի գնալուց հետո «Չելսին» պաշտպանությունում շատ վստահ տեսք ունի։ ԱՊԼ-ում նրանց նպատակը մեկն է՝ հայտնվել լավագույն քառյակում։ Իսկ Չեմպիոնների լիգայում «Չելսին» միանշանակ փորձելու է գնալ այնքան երկար, որքան հնարավոր է։
Առաջինը նրանց ճանապարհին տպավորիչ մրցաշրջան անցկացնող «Ատլետիկոն» է։ Մադրիդյան թիմը վերջին խաղերում սկսել է սայթաքել ու արդեն ոչ թե 10+ միավորով է առաջ «Ռեալից» ու «Բարսելոնայից» Լա լիգայում, այլ 3՝ ունենալով մեկ խաղ ավել անցկացնելու։ Սակայն մադրիդյան թիմի վստահ ելույթները այս մրցաշարում նրանց «պինդ ընկույզ» է դարձնում, որի դեմ խաղալը տհաճ է ցանկացած թիմի։
Բացառված չէ, որ «ռոխիբլանկոսները» այս մրցաշրջանում ավելի մեծ կարևորություն տալիս են պայքարին Պրիմերայում, սակայն Դիեգո Սիմեոնեի հետ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ տրվեն ցանկացած խաղի։ Ակնհայտ է, որ այս դիմակայությունում ամեն ինչ հավասար է։ Գուցե հաշվի առնելով «Ատլետիկոյի» ավելի կայուն խաղը՝ կարելի է նրանց համարել ֆավորիտ, սակայն «Չելսին» էլ Տուխելի գալուց հետո բավականին արհեստավարժ ֆուտբոլ է խաղում։
Արամ Սահակյան