«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերեմի Մատյոն պատմել է կատալոնական ակումբում իր ելույթների շրջանի մասին։
««Բարսելոնայում» մեր վերջին տարում ինձ համար վատ ժամանակներ էին։ Զգացողություն ունեի, որ իմ պատճառով Չեմպիոնների լիգայում 0-3 հաշվով պարտվեցինք «Յուվենտուսին»։ «Բարսելոնայում» ինձ սպանեցին, բայց ես հասկանում եմ, որ ֆուտբոլ խաղում են 11 հոգով։ Ես տեղափոխվեցի «Սպորտինգ», որտեղ ինձ հետ միշտ զրուցում էին, երբ ինչ-որ բան էր տեղի ունենում։ «Բարսելոնայում» նման բան չկար։ Ինձ սեր էր պետք։ Օրինակ, երբ լուրջ սխալ ես անում, ոչ ոք հաջորդ օրը քեզ հետ չի խոսում, ոչ մի բառ։ Լուիս Էնրիկեն նույնպես»,-Մատյոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Մատյոն «Սպորտինգի» գույները պաշտպանում էր 2017 թվականից։ Նա ավելի հայտնի է «Բարսելոնայում» ելույթներով 2014-2017 թվականներին։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Վալենսիայում», «Թուլուզում» ու «Սոշոյում»։ Ֆրանսիայի հավաքական հրավիրվել է 2011-2016 թվականներին։