«Եթե տարիներ առաջ մենք պատկերացնեինք կամ երազեինք նման արդյունք, կասեինք, որ ֆանտաստիկայի ժանրից է, բայց փառք Աստծո, նվիրված և շարունակական քրտնաջան աշխատանքի արդյունքում մարզիչներն ու մեր փոքր թիմը քայլ առ քայլ առաջ է գնում: Այս արդյունքը ցույց է տալիս, որ մարզիչները ճիշտ ուղղության վրա են»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը՝ ամփոփելով Ֆինլանդիայում կայացած աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանի ելույթները:
Հիշեցնենք, որ հայ դահուկորդը 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավել էր 8-րդ հորիզոնականը, ինչը անկախ Հայաստանի պատմության լավագույն արդյունքն է.
«Անցյալ տարի աշխարհի առաջնությունում Միքայելը գրավեց 11-րդ տեղը, իսկ հիմա 8-րդ և ամենակարևորն այն է, որ այնպիսի տղաների է պարտվել, որոնք աշխարհում լավագույններից են և պատկերացրեք, որ 30 պետության մեջ Հայաստանը 5-րդն է: Ավելին, եթե այդ պետությունները միլինավոր եվրոներ են ծախսում նման արդյունքի համար, պատկերացրեք մեր վիճակը, և այսօր մենք արդեն հավասարը հավասարին կռիվ ենք տալիս ու աշխարհի դահուկային քարտեզում արդեն տեղ ունի նաև ՀՀ-ն: Մենք շարունակաբար փորձելու ենք ավելի բարձր արդյունքի հասնել: Իհարկե, խնդիրներ շատ կան ու աշխատելու տեղ նույնպես: Բայց սառույցը կոտրելով միևնույն է առաջ ենք գնալու»,-ասում է Գագիկ Սարգսյանը:
Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունից հետո Միքայելյանը Չեխիայում պետք է մասնակցեր աշխարհի գավաթի հերթական փուլին, սակայն այդ մրցաշարը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով.
«Ես հիմա գտնվում են Ֆինլանդիայում: Մրցումներից հետո պլանների մեջ կար մեկնել Չեխիա, որտեղ կայանալու էր աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, սակայն դա չեղարկվեց: Մի քանի օրից Գերմանիայում կմեկնարկի աշխարհի առաջնությունը և քանի որ Գերմանիան արգելել է իր երկիր մտնել այն անձանց, ովքեր վերջին օրերին եղել են Չեխիայում, այդ պատճառով չեղյալ հայտարարվեց Չեխիայում կայանալիք մրցաշարը»,-ArmSport-ի հետ զրույցում ասում է Միքայել Միքայելյանը:
Աշխարհի առաջնությունից առաջ Միքայելյանն իր մարզավիճակը գնահատում է նորմալ.
«Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը բոլոր դահուկային պետությունները մասնակցում էին: Կային աշխարհի մեդալակիր մարզիկներ: Չեմ կարող ասել՝ ինչ արդյունք կգրանցեմ, քանի որ այս անգամ ավելի փորձառու մարզիկների հետ եմ մրցելու, բայց ամեն ինչ անելու եմ լավ հանդես գալու համար»,-ասում է Միքայելյանը:
Խոսելով Հայաստանում դահուկային սպորտի ներկայիս վիճակի և իր մասին՝ Միքայելյանն ասում է. «Հայաստանում ինձ համար լուրջ մրցակցիներ չկան՝ բացառությամբ Թադևոս Պողոսյանի, այն էլ մենք միշտ իրար հետ ենք մարզվում: Կարելի է ասել, մեզ համար մրցակցություն չկա: Եթե ինձ մրցակից լինի Հայաստանում, ով կկարողանա ինձ հաղթել, կարելի է ասել՝ կլինի պոտենցիալ աշխարհի չեմպիոն»-ասում է դահուկորդը:
Հայ մարզիկը կարևորում է պետական աջակցության դերը մարզաձևի զարգացման համար. «Պետական աջակցության բացակայության պատճառով շատ դժվար է արդյունքի հասնել: Ավելի շատ գումարների ուղղվածությունն է սխալ: Այսինքն՝ շատ մեծ գումարներ ուղղված են այնպիսի մարզադպրոցների, որոնք շատ արդյունքներ չունեն, ու նույնիսկ այդքան մարզիկ էլ չունեն: Գումարների ուղղորդվածության սխալ կա, ու չեն հետևում դրան: Իմ մասնակցությունը ֆինանսավորվում է ֆեդերացիայի կողմից: Մեծ հաշվով դա ֆեդերացիայի պարտականությունն է, քանի որ իմ արդյունքներից ելնելով որոշակի գումար միջազգային ֆեդերացիան փոխանցում է Հայաստանի ֆեդերացիային, իսկ մեր ֆեդերացիան էլ բնականաբար հոգում է մեր կարիքները՝ ուղարկելով հավաքների և մրցումների»,-նշում է Միքայելյանը:
Նշենք, որ փետրվարի 23-ից մարտի 5-ը Գերմանիայում կայանալիք դահուկավազքի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, Հրաչյա Փանոյանը, Աննա Մխիթարյանն ու Կատյա Գալստյան:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ