«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է իր ապագան: Արգենտինացի հարձակվողը հայտարարել է, որ չգիտի՝ ուր կհայտնվի 2020/21 մրցաշրջանի ավարտին:
«Չգիտեմ՝ որտեղ կլինեմ ընթացիկ մրցաշրջանի վերջում: Ոչ մի պատկերացում չունեմ: Կտեսնենք՝ ինձ ինչ է սպասվում»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո: Նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ը:
32-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Փետրվարի 2-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ագուերոն չի կարողանա օգնել «Մանչեսթեր Սիթիին» առաջիկա երեք-չորս շաբաթների ընթացքում՝ կորոնավիրուսից ապաքինման հետ կապված բարդությունների պատճառով: