«2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցավ արցախյան հակամարտությունը, որի պատճառով հայկական ֆուտբոլային ակումբները և նրա անդամները շատ ծանր գին վճարեցին»,- գրում է աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ France Football-ը։ ArmSport-ը ներկայացնում է հոդվածի ամբողջական թարգմանությունը։
«90 հազարը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ-ադրբեջանական ուժերի ռազմական բախումներից հարկադիր փախուստի դիմած քաղաքացիական անձանց թիվն է։ Այս ահռելի թիվը Արցախի բնակչության 60% է, մի պետություն, որի ճնշող մեծամասնությունը բնակեցված է հայերով և որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից դեռևս 1991 թվականին Ադրբեջանից անջատվելու ժամանակներից։ 6 շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը գնալով թափ էր հավաքում։ Արցախը ոչ միայն կորցրեց իր տարածքի զգալի մասը, այլև շուրջ 5000 հայաստանցի և արցախցի զինվորներ այնտեղ կորցրեցին իրենց կյանքը։ Նրանց մեջ կային ֆուտբոլիստներ, և ոչ միայն։ «30 հայ մարզիկներ մասնակցել են պատերազմական գործողություններին»,- նշում է Հայաստանի մարզական իրավաբանների ասոցացիայի նախագահ Արծրուն Բադալյանը։ Նրանց թվում է եղել նաև Միհրան Հարությունյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր։ «Ցավոք, ոչ բոլորը վերադարձան ռազմաճակատից»։ «Զինվորական ծառայությունը պարտադիր է։»,- հիշեցնում է երկրում մեծ ճանաչում ունեցող «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի պատասխանատու Հայկազ Մկրտչյանը։ Պահեստային թիմի բազում խաղացողներ գնացին կռվելու․ 18-ամյա դարպասապահ Գագիկ Աբրահամյանն այնտեղ զոհվեց։
Ֆինանսական և նյութատնտեսական աջակցություն
Գագիկի նման 5 այլ երիտասարդ խաղացողներ, որոնք խաղում էին հայկական թիմերում, զոհվեցին զենքը ձեռքներին, և սա մեծ կորուստ էր ողջ հայկական ֆուտբոլի համար։ «Ոչ մի ակումբ չկարողացավ շարունակել իր գործունեությունն այնպես, ինչպես նախկինում էր»,- շարունակում է Մկրտչյանը։ Չէ՞ որ ակումբները մեծ դեր են կատարել բախումների թեժ պահին՝ տեղահանված բնակչությանը օգնելու համար։ «Նրանք բոլորը հավաքեցին գումար և առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասում է Հայկական հեռուստատեսության սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը։ «Մեր ավտոբուսն օգտագործվել է տեղահանվածներին Հայաստան տեղափոխելու համար, հիմնականում տարեցներին և երեխաներին»,-հիշում է Արթուր Սահակյանը՝ «Նոա» ՖԱ-ի գործադիր տնօրենը։ Նախաձեռնությանը հետևեցին առաջնության բոլոր մասնակիցները ։ ««Փյունիկ» ՖԱ-ն պետք է տրամադրեր մարդասիրական օգնություն»,- ասում է Մկրտչյանը,-«Մեր ավտոբուսի տրամադրումն ամենաքիչն էր, որ մենք կարող էինք անել։ Հոգեբանական հետևանքներից բացի վատթարացավ նաև ակումբների ֆինանսական վիճակը։ ««Գանձասար Կապանը» ստիպված եղավ դադարեցնել իր մասնակցությունն առաջնությանը»,- շարունակում է Մկրտչյանը։ Ակումբի մամուլի խոսնակ Արմեն Այվազյանը ճշգրտում է․ «Մեր ֆոնդերն ուղղվեցին Արցախի աջակցությանը։ Ֆուտբոլը մեր կյանքն է, բայց մարդկային կյանքերն ավելի կարևոր են»։ Մտադրությունները ողջունելի էին, բայց որոշումը միաձայն չընդունվեց։
«Դա անարդար էր խաղացողների և աշխատակիցների նկատմամբ, ակումբի սեփականատեր և հովանավոր հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրի ամենահարուստ ձեռնարկություններից մեկն է և կարող էր ֆինանսավորման այլ ելքեր փնտրել»,- նկատում է Գևորգ Ղազարյանը։
Առաջնությունը կշարունակվի 9 ակումբներով։ Առաջին պատերազմի ժամանակ (1988-1994) և ոչ մի թիմ չի փակվել։ Այժմ հայտնի էլ չէ, թե «Գանձասարին» ինչ է սպասվում։ «Մենք իրավիճակի մասին տեղեկացանք նոյեմբերի 3-ին՝ ֆուտբոլային խաղից առաջ։ 2 օր հետո մեզ ասացին, որ ամեն ինչ ավարտված է»,- հիշում է պայմանգրով ազատված լիտվացի հարձակվող Ռոկաս Կռուշնաուսկասը,- «Ակումբը «մահացավ», շատ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Որոշ խաղացողներ ինքնուրույն են մարզվում՝ սպասելով հարմար առաջարկի»։
«Լեռնային Արցախը»՝ իր բոլոր զավակների անունից
Արցախը ֆուտբոլի միջոցով փորձեց բարձրաձայնել իր մասին։ Հանրապետությունն իսկապես ունի ազգային թիմ և նույնիսկ 2019-ին հյուրընկալեց չճանաչված ազգերի Եվրոպայի առաջնությունը, որը կազմակերպել էր Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (Conifa): «Աշխարհը սկսեց խոսել Արցախի մասին, և Արցախը հասկացավ ֆուտբոլի կարևորությունն իր պահանջները տարածելու հարցում», — ասում է «Conifa»-ի լրատվական կենտրոնի պատասխանատու Սուրեն Սուքիասյանը: Իհարկե Արցախը վաղուց է տեղյակ այդ խնդրի մասին: Խնդիրն այն է, որ նրա առաջնությունը չի ճանաչվել ՈւԵՖԱ-ի կողմից:
2017 թվականին «Արցախ» անունը կրող ակումբ ծնվել է Հայաստանի ուժով երկրորդ դիվիզիոնում: «Նպատակն այն էր, որ նա կարողանա խթանել այդ պահանջները Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում, ինչպես Ադրբեջանն արեց «Քարաբաղի» հետ», — կարծում է Ղազարյանը: Սակայն ակումբը վաճառվեց 2019-ին, նախքան կվերանվանվեր «Նոա» ՖԱ։ Հետո նա իր նախնական նպատակից շրջվեց և Հանրապետության դրոշը թողեց «Լեռնային Արցախին», Լեռնային Ղարաբաղի հայերի պատմական ակումբին՝ ստեղծված 1927 թվականին։ «ԽՍՀՄ-ի ժամանակ տարածաշրջանում գործում էին երկու առաջատար ակումբներ ՝ «Քարաբաղ Աղդամը», որտեղ խաղում էին ադրբեջանցիները, և «Ղարաբաղ» Ստեփանակերտը, որը 2002 թվականին վերանվանվեց «Լեռնային Արցախ»,- մանրամասնում է Կոնիֆայի նախկին գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը: Նրանք անցկացրել են նունիսկ «ղարաբաղյան դերբի»: Նման իրավիճակն այժմ աներևակայելի է, քանի որ վերքերը դեռ թարմ են երկու կողմերի մոտ էլ։
Վերադարձ ճակատից
Երբեմն հանդես գալով Հայաստանի առաջնությունում, երբեմն ՝ Արցախի լիգաներում՝ Արցախի Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Լեռնայինն» իր տեղն է փնտրում եվրոպական ֆուտբոլում: 2019-20 մրցաշրջանից նա վերադարձել է Հայաստանի ուժով երկրորդ դիվիզիոն:
Չնայած նրան, որ նա այլևս չի կարող իր հանդիպումները անցկացնել Ստեփանակերտում (մայրաքաղաքը, որը մնաց Հայաստանի վերահսկողության տակ), պետությունը չճանաչվեց, նա շարունակում է մարզվել այնտեղ՝ կապը պահպանելով տեղի բնակչության հետ: «Հայաստանի առաջնությունում խաղալը հիշեցնում է, որ Արցախն ու Հայաստանը մեկ են», — ասում է ակումբի դարպասապահ Էրիկ Խաչատրյանը։
Բայց, նոյեմբերի 26-ին խաղադաշտ վերադառնալուց հետո, հազիվ վերադառնալով ռազմաճակատից, ֆուտբոլիստները առաջնության ընթացքը վերսկսելու ամենամեծ դժվարությունները ապրեցին: «Բոլորը պաշտպանում էին Արցախի սահմանները առաջին իսկ օրվանից մինչև վերջին րոպեն», — ասում է Վադիմ Հայրիյանը, ծնունդով Շուշիից՝ Ադրբեջանի կողմից գրավված քաղաքից: «Արցախում տունս կորցնելուց հետո ես ստիպված էի տեղափոխվել Երևան: Նաև կորցրել եմ շատ հարազատների: Սիրտս կոտրված է»։ «Լեռնայինի» խաղացողները հայտնվեցին ռազմաճակատում՝ զենքը ձեռքներին, դեմ դիմաց ավելի լավ հագեցած ադրբեջանական բանակին, որին աջակցում էին Թուրքիան և սիրիացի ջիհադականները: Ծանր պարտությունն անխուսափելի էր, ինչպես նաև դրանից բխող հետևանքները։ «Ես կորցրի իմ լավագույն ընկերներից մեկին ՝ Հարութին, շատ եմ կարոտում նրան», — ասում է Էրիկ Խաչատրյանը,-«Մեր ազգը սգի մեջ է, բայց մենք սիրում ենք ֆուտբոլը և ուժ կգտնենք շարունակելու»: Սպասելով Արցախի համար կրկին փափուկ ուժի գործիք դառնալուն՝ ֆուտբոլն այժմ կունենա մեկ այլ առաքելություն․ օգնել խաղացողներին և բնակչությանը տոկունություն դրսևորել»:
Տեքստը՝ Վլադիմիր Կրեսենկո
Թարգմանությունը՝ Ալլա Աբրահամյանի
Լուսանկարները France Football-ի համար՝ Գևորգ Ղազարյանի