ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Սերոբ Դավիթի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 4-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27),
2) Արտյոմ Վրույրի Սիմոնյանին (ծնված` 1995 թվականի փետրվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27),
3) Արմեն Գարիկի Համբարձումյանին (ծնված` 1994 թվականի ապրիլի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)»,-ասված է որոշման մեջ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է․
«Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում»:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը․
«Քաղաքացուն սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները»։