Այսօր՝ փետրվարի 17-ին, կկայանա Չեմպիոններ լիգայի 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում։ «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին», իսկ «Սևիլյան» ՝ «Բորուսիային»։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
⚽ Ֆավորիտն ակնհա՞յտ է․ «Պորտու»-«Յուվենտուս»
1/8 եզրափակչի ամենականխատեսելի զույգերից մեկը, սակայն, ինչպես ասում է ճապոնական հայտնի ասացվածքը․ «մինչ դու կազմում ես քո ծրագրերը, դևերն անկյունում նստած ծիծաղում են քեզ վրա»։
Չնայած, անձամբ ես հակված եմ այն տարբերակին, որ «Յուվեի» համար առանձնապես խնդիր չի լինի հաղթահարել «վիշապների» արգելքը։ Այո, թիմը պարտվեց «Նապոլիին» շաբաթ օրը, սակայն դա չափորոշիչ չէ․ «Պորտուն» ևս առանձնապես չի փայլում։ Վերջին 4 խաղերում Կոնսեյսաուի թիմը 4 ոչ-ոքի է գրանցել։ Զգացնել է տալիս խիտ օրացույցը․ փետրվարի կեսն է, իսկ թիմն արդեն 5 հանդիպում է անցկացրել։
Նշենք, որ «Պորտուն» մինչ այժմ չի կարողացել հաղթել թուրինյան ակումբին․ թիմերի միջև 4 խաղերից 1-ը ավարտվել է ոչ-ոքի, 3-ը՝ «Յուվեի» հաղթանակով։
Հաշվի առնելով թիմերի ներկայիս մարզավիճակը, ինչպես նաև պահեստայինների նստարանի ավելի տպավորիչ լինելն ու, պարզապես, թիմերի խաղացողների կարգը, չի բացառվում, որ արդեն առաջին իսկ խաղում Պիրլոյի թիմը կարող է որոշել դիամակայության ելքը․․․ բայց դե, եկեք դևերին չմոռանանք․․․
⚽ Մեղուներին թեժ հանդիպում է սպասվում․ «Սևիլյա»-«Բորուսիա»
«Սևիլյայի» 9 խաղերից բաղկացած հաղթարշավն ընդդեմ «մեղուների» անկայուն ելույթների։ «Բորուսիան» ազատվեց գլխավոր մարզիչ Ֆավրից, սակայն դա առանձնապես չբարելավեց գերմանական թիմի խաղն ու արդյունքները։ Վերջին խաղում էլ, ընդդեմ «Հոֆֆենհայմի», դորտմունդցիները հազիվ «պլստացին» պարտությունից և կարողացան մեկ միավոր վաստակել։
Հետաքրքիր կլինի հետևել նաև Էն Նեսիրի-Հոլանդ դիմակայությանը։ Մարոկկացի հարձակվողը անցկացնում է իր կարիերայի ամենալավ ժամանակահատվածն այս պահին, իսկ Հոլանդը թեև շարունակում է պարբերաբար տխրեցնել մրցակիցների դարպասապահներին, սակայն մի փաստ․ «Սևիլյան» արդեն 7 անընդմեջ խաղերում գնդակ բաց չի թողնում․․․ Գումարած դրան, թիմերի միջև անձնական հանդիպումներում առավելությունն անդալուզական թիմի կողմն է՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի։
«Մեղուներին» շատ բարդ հանդիպում է սպասվում, այս պահին նժարը թեքված է ավելի շատ իսպանական թիմի կողմը, սակայն դա ընդամենը թղթի վրա, իսկ թե ինչ կլինի իրականում, կտեսնենք արդեն այս գիշեր․․․ և իհարկե՝ խաղին նախօրոք գնահատական տալուց չենք մոռանում վերևում նշված դևերի մասին․․․
Վար Բաբայան