Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կմասնակցի 7 բռնցքամարտիկ:
Ֆեդերացիայից ArmSport-ին հայտնեցին, որ 57 կգ քաշային կարգում ներկայացված կլինի երկու բռնցքամարտիկ Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը: 63 կգ քաշային կարգում հանդես կգա Բենիկ Նիկողոսյանը, 69-ում՝ Արմեն Մաշակարյանն ու Գուրգեն Մադոյանը: 81 կիլոգրամ քաշային կարգում Հայստանը կներկայացնի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը, իսկ 91 կգ քաշային կարգում մինչև 22 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
«Մրցավայր մեկնող բոլոր հայ մարզիկները հանդես են գալու Հայաստանի դրոշի ներքո ու ներկայացնելու են Հայաստանը, անկախ՝ որ Ֆեդերացիայից են: Հատկապես օտար երկրում տարբերություն դնել չի կարելի, բոլորն էլ հայ են ու բոլորն էլ պետք է պայքարեն մեր եռագույնի ու Հայաստանի հաղթանակի համար»,-մեզ հետ զրույցում ընդգծեցին բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայից:
Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ կազմով է հավաքականը մասնակցելու տարվա առաջին ստուգատեսին:
Ընդհանուր թվով այս մրցաշարին Հայաստանը ներկայացված կլինի 17 մարզիկով։