Այսօր՝ փետրվարի 16-ին, կկայանան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումները։ Այս գիշեր մեզ սպասվում է երկու թեժ հանդիպում, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
⚽ Սուպերդիմակայություն Կատալոնիայում․ «Բարսելոնա»-ՊՍԺ
Այս հանդիպումը 1/8 երափակչի թերևս ամենակենտրոնական դիմակայություններից մեկն է, որի մասնակիցներից յուրաքանչյուրին միշտ տեսնում ենք որպես մրցաշարի ֆավորիտ։ Շատ մասնագետներ մինչ վերջերս այս դուետի ֆավորիտ փոքր-ինչ առավելությամբ համարում էին ֆրանսիական գրանդին։ Պատճառն ավելի քան հասկանալի էր․ ճգնաժամ կատալոնացիների ճամբարում, ոչ ստաբիլ ելույթներ, Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակ և այլն։ Սակայն այժմ կարելի է ասել, որ շանսերն արդեն ավելի հավասար են՝ պայմանավորված «Նեյմարի անեծքով»։ Ի՞նչ անեծք․․․ հարցն այն է, որ Նեյը վնասվածքի պատճառով բաց է թողնում արդեն երրորդ 1/8 եզրափակիչը Չեմպիոնների լիգայում․․․ վերջին 4 տարիների ընթացքում․․․ պատկերացրեք՝ 4-ից 3-ը։ Գումարած դրան՝ հանդիպումը կարող է բաց թողնել թիմի ևս մեկ առաջատար ֆուտբոլիստ․ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ փարիզեցիների կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումը:
Ինչ վերաբերվում է «Բարսային», ապա թվում է, որ Կումանն արդեն գտել է թիմի օպտիմալ խաղային բանաձևը և վերջերս կատալոնացիները բավականին հաջող և արդյունավետ են գործում։ Այնպես որ, սպասվում է անչափ հետաքրքիր և թեժ հանդիպում։
Թիմերի միջև անձնական հանդիպումներում առավելությունը կատալոնական թիմի կողմն է՝ 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, իսկ 2 անգամ էլ հաղթել է փարիզյան ակումբը։ Հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և կմեկնարկի մեր ժամանակով ուղիղ կեսգիշերին: Պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին Փարիզում:
Կատալոնացիների խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարները՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: VAR-ի համար պատասխանատու կլինի Պոլ վան Բուկելը: Չորրորդ պաշտոնյան կլինի Սերդար Գեզբյուրկը:
⚽ Կլոպի հերթական քննությունը․ «Լայպցիգ»-«Լիվերպուլ»
«Նեյմարի անեծքի» մասին արդեն խոսեցինք և չենք կարող շրջանցել նաև «լիվերպուլյան անեծքը»։ Նախ, թիմը արդեն երեք խաղ է, ինչ պարտություն է կրում, բայց դա էլ բավական չէ․ հերթական վնասվածքն է ստացել մերսիսայդցիների ֆուտբոլիստներից մեկը։ Եվ կարո՞ղ եք գուշակել՝ որ դիրքի խաղացողը․․․ այո՛, հերթական պաշտպանը։ Այս անգամ Բեն Դևիսն է վնասվածք ստացել «Լեսթերի» դեմ խաղում, այս տեղեկությունը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Հիշեցնենք, որ Դևիսը ընդամենը երկու շաբաթ առաջ էր միացել «Լիվերպուլին»: Նրան ձեռք էին բերել որպես վնասվածքներ ստացած Վան Դայքի և Մատիպի ժամանակավոր փոխարինող։
Պաշտպանությունը դարձել է թիմի «աքիլեսյան գարշապարը», ինչից կարող է օգտվել Նագելսմանի թիմը։ «Լայպցիգում» ևս ամեն ինչ հարթ չէ, բայց «Լիվերպուլի» ներկայիս ֆոնին․․․ առաջ չընկնենք։ Անգլիական ակումբի համար ԱՊԼ-ում մրցաշրջանն ամենայն հավանականությամբ կարելի է ավարտված համարել․ դրա մասին խոսել է նաև Կլոպը, շեշտելով, որ դժվար կլինի կրճատել միավորների տարբերությունը «Մանչեսթեր Սիթիից»։ Մնում է միայն Չեմպիոնների լիգան, և ինչ-որ բան հուշում է, որ «Լիվերպուլը» շատ լուրջ է տրամադրվելու այդ խաղին։
Ի դեպ, թիմերը մինչ այժմ երբեք չեն հանդիպել։ Հանդիպումը տեղի կունենա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, փետրվարի 16-ին: Հիշեցնենք, որ գերմանական իշխանությունները սահմանափակումներ են կիրառել այն շրջաններում, որտեղ տարածվում է COVID-19-ի նոր շտամը, առնվազն մինչև փետրվարի 17-ը: Արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 30-ին:
«ՌԲ Լայպցիգ»-«Լիվերպուլ» հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական բրիգադը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: VAR-ի պատասխանատուն կլինի Մասիմիլիանո Իրատին: Չորրորդ պաշտոնյան կլինի Մաթեյ Յուգը:
Վար Բաբայան