Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի տեղափոխությունը Երևանի «Ալաշկերտ» ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաքննարկվող թեմաներից էր հայկական ֆուտբոլում։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Armsport-ի հետ զրույցում ասաց, որ Յուրչենկոյի գալը հոգեբանական մեծ ուժ է թիմի համար, սակայն շտապեց տեղեկացնել, որ ոչ մեկի տեղը ապահովված չէ մեկնարկային կազմում։
«Յուրչենկոն հոգեբանական առումով մեծ ուժ է թիմի համար։ Այստեղ իսկապես կա հոգեբանական պահ, քանի որ նա ազգային հավաքականի դարպասապահն է։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք ունենք այլ դարպասապահներ՝ Օգնեն Չանչարևիչն ու Գևորգ Կասպարովը։ Ու ես ընդհանրապես տարբերություն չեմ դնում ոչ մեկի մեջ։
Ոչ միայն Յուրչենկոյի, այլև ոչ մեկի տեղը ապահովված չէ մեկնարկային կազմում։ Դուք կարող եք դրա մասին հարցնել ցանկացած ֆուտբոլիստի, ով իմ մոտ խաղացել է։ Իմ մոտ կա մեկ բան՝ առողջ մրցակցություն։ Տվյալ պահին ով ավելի լավ դրսևորի իրեն, նա էլ կխաղա։ Լավ կխաղա Յուրչենկոն՝ կխաղա Յուրչենկոն, լավ կխաղա Չանչարևիչը՝ կխաղա Չանչարևիչը, հնարավոր է խաղա Կասպարովը։ Դա գալիս է նրանց պրոֆեսիոնալ վարքագծից, ջանասիրաբար աշխատանքից։ Այդ կերպ մեր ընտրությունը ավելի հեշտ կլինի»,-ասաց Խաշմանյանը։
«Ալաշկերտի» մարզիչը չբացառեց, որ առաջին հատվածում գուցե դարպասապահների ռոտացիա կիրառի․
«Միգուցե առաջին հատվածում մեկ այլ մարտավարություն ձևավորենք։ Միգուցե մեկ խաղ խաղա դարպասապահներից մեկը, մեկ խաղ՝ մյուսը։ Ես տարբերություն չեմ դնում ոչ մեկի մեջ՝ դա կլինի հավաքականի ֆուտբոլիստ, թե 17 տարեկան խաղացող։ Դաշտում մենք շատ պրոֆեսիոնալ ենք մոտենում ամեն ինչին։ Այլ բան է դաշտից դուրս, որտեղ պետք է մեծ հարգանք լինի փորձառու, տարեց խաղացողների հանդեպ, հավաքականի խաղացողների հանդեպ։ Այդ ամենը կոլեկտիվի մեջ ձևավորում է առողջ մթնոլորտ»,-հավելեց Խաշմանյանը։
Աբրահամ Խաշմանյանի հարցազրույցի մյուս հատվածը կարդացե՛ք այստեղ։
Արամ Սահակյան