2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ:
Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն ArmSport-ի հետ զրույցում պատմել է հաշմանդային սպորտում առկա խնդիրների, Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերին մեր մասնակցության, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավորում ստացած անձանց սպորտում ներգրավելու և այլ հարցերի մասին։
-Պարոն Աբրահամյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջերս հայտարարեց, որ հաշմանդամային սպորտին տրվող գումարը 2021թ. ավելի քան կեռապատկվի՝ հասնելով մինչև 104 մլն եվրո: Շահառուներից է նաև ՀՀ Պարալիմպիկ կոմիտեն: Ի՞նչ խնդիրներ եք մտադիր լուծել այդ գումարներով ու արդյոք կարելի՞ է ասել, որ պետության կողմից արդեն բավականաչափ ուշադրություն է հատկացվում նաև հաշմանդամային սպորտին:
-Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն այո մեծացել է, քանի որ պարալիմպիկ տարի է, չնայած հավանականություն կա, որ խաղերն այս տարի ևս չեն կայանա և կհետաձգվեն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով … փոքր, բայց կա հավանականություն: Այդ դեպքում մենք չենք կարողանա այդ գումարն ուրիշ ծրագրերի համար օգտագործել ու պետք է վերադարձնենք պետբյուջե: Մենք նախապես ներկայացրել ենք թե՛ միջազգային մրցումների, թե՛ մեր տեղական գործունեությունների ծրագրերը … ոչ ամբողջությամբ, բայց որոշակի մասով մտցվել է ֆինանսավորվող ծրագրերի ցուցակում: Արդեն իսկ պարզվել է, որ այդ ծրագրերի մասով կրճատումներ կան. ծրագրերի 15%-ը կրճատվել է: Իսկ թե մինչև տարվա վերջ ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել: Կա նաև մի հանգամանք ևս. միջազգային մրցումները՝ տարբեր մարզաձևերից, հայտնի համավարակի պատճառով արդեն իսկ չեղարկվել են մի շարք երկրներում: Մի խոսքով՝ ամեն ինչ խառնված է իրար: Ամեն դեպքում, եթե Տոկիոյի Պարալիմպիկ խաղերը չկայանան, ապա այդ գումարը չենք կարող պարալիմպիկ շարժման զարգացման այլ ուղղություններով օգտագործել, պետք է վերադարձնենք բյուջե:
-Ֆինանսավորումն, ինչպես նշեցիք, չեք կարող օգտագործել պարալիմպիկ շարժման զարգացման այլ ուղղություններով և այլ ծրագրերի համար, բայց, վստահաբար, հաշմանդամային սպորտում այլ խնդիրներ ևս կան …
-Իհարկե շատ կան, բայց որպես կանոն թույլ չեն տալիս, որ այդ գումարները մենք օգտագործենք այլ ծրագրերի վրա: Անցած տարի արդեն իսկ թույլ չտվեցին մեզ իրականացնել հաշմանդամների տարեկան փառատոնը, որի համար պետությունն ամեն տարի 3 մլն դրամ է հատկացնում: Անընդհատ ասացին, որ համավարակի պատճառով չի կարելի այդքան մարդու մի տեղում հավաքել, ու տարին ավարտվեց, իսկ այդ գումարը հետ հանձեցինք:
-ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ, նախորդ տարի ադապտիվ սպորտին շուրջ 29 մլն դրամ է հատկացվել, որը բաշխվել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ների միջև: Հետաքրքիր է՝ այդ միջոցներն ինչի՞ն են ծառայել:
-Կարծեմ՝ պարալիմպիկ կոմիտեն անցած տարի ընդհանրապես պետական բյուջեից գումար չի ծախսել … ինչքանով՝ հիշում եմ:
-2020-ին մի շարք մրցաշարեր չեղարկվեցին, ինչո՞վ էին զբաղված պարալիմպիկ կոմիտեի մարզիկները:
-Մեզ թույլ չեն տվել հավաքներ անցկացնել, չենք կարողացել: Ինչ էլ՝ արել ենք, եղել է օնլայն … քննարկումներ, մարզումներ: Պարալիզված տարի էր անցած տարին, բառի բոլոր իմաստներով:
-Նշեցիք՝ քիչ, բայց հավանականություն կա, որ Պարալիմպիկ խաղերը չեն կայանա: Ամեն դեպքում, եթե Տոկիոյի խաղերը կայանան, արդեն պատկերացում ունե՞ք, թե ովքեր են մասնակցելու ու նախապատրաստական փուլն ինչպես են անցնելու:
-Արդեն նախնական ներկայացրել ենք այն մարզիկներին, ովքեր կկարողանան մասնակցել Պարալիմպիկ խաղերին: Ունենք 4 մարզիկ, ովքեր 4 մարզաձևերից՝ ծանրամարտ, պարականոե, սեղանի թենիս և թեթև աթլետիկա, մասնակցելու թեկնածուներ են: Բայց մինչ այդ պետք է ապահովենք այդ մարզիկների մասնակցությունը միջազգային վարկանիշային մրցաշարերին:
Ե՞րբ հստակություն կլինի. հիմա չենք սպասում խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական որոշմանը, մենք հիմա փորձում ենք մասնակցել միջազգային վարկանիշային մրցաշարերին: Արդեն կան մատչելի մրցաշարեր՝ թե ֆինանսական տեսանկյունից, թե՛ հասանելիության, հայտեր ենք ներկայացրել այդ մրցաշարերին մասնակցելու համար: Եթե խաղերը կայանան, գոնե կկարողանանք մի քանի մարզիկով մասնակցել:
-Սովորաբար ի՞նչ միջոցներով են ապահովվում մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին, եթե չի լինում պետական աջակցություն:
-Ճիշտն ասած՝ մեր մարզիկները մեր ուզած մրցաշարերին մասնակցում են մեծ մասամբ նաև հովանավորների միջոցով: Գտնում ենք մարդկանց, ովքեր աջակցում են մեր մարզիկներին:
-Վերջերս Երևանում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը: Ինչպե՞ս կամփոփեք այդ մրցաշարը:
-Մրցաշարը կազմակերպել էր հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան: Ամեն տարի անցկացնում են այդ մրցաշարն ու դժբախտաբար, նույն մարդիկ են մասնակցում: Կան երկու հոգի՝ մեկ տղա և մեկ աղջիկ, ովքեր բավականին մեծ պոտենցիալ ունեն: Պետք է ամեն ինչ անենք, որ գոնե տղան՝ Գևորգը (խմբ. առանց անվասայլակի մրցումների չեմպիոն Գևորգ Բեգլարյանը) մասնակցի Պարալիմպիկ խաղերին: Պետք է օգնենք Գևորգին, քանի որ միայն Հայաստանի չեմպիոն դառնալը բավական չէ, պետք է վարկանիշ ունենա: Կամ գոնե մասնակցի, որ դիմենք միջազգային կոմիտեին՝ Wild Card-ի համար:
-Նշեցիք՝ նույն մարդիկ էին մասնակցում առաջնությանը: Եթե չխոսենք միայն սեղանի թենիսից, առհասարակ շա՞տ են հաշմանդային սպորտով զբաղվող մարզիկները:
-Գիտեք՝ հիմա պատկերը փոքր-ինչ փոխվել է վերջին դեպքերի կապակցությամբ՝ պատերազմ, նոր վիրավորում ստացած մեծ թվով երիտասարդներ: Ի դեպ, արդեն իսկ հանդիպում է եղել շատ երիտասարդների հետ, որոնց մի մասն իսկապես ցանկություն է հայտնել որևէ մարզաձևով զբաղվելու: Մոտ 10 օրից կկազմակերպենք լեռնադահուկային հավաք, որին կմասնակցեն նաև այս պատերազմի արդյունքում վիրավորում ստացած տղաները: Այսինքն ունենք հաշմանդամություն ունեցող մարզիկներ, ովքեր զբաղվում են լեռնադահուկային սպորտով, և ունենք նաև վիրավորվածներ, ովքեր ցանկություն ունեն գոնե զբաղվել այդ մարզաձևով: Կամաց-կամաց պետք է նաև այդ երիտասարդներին ներգրավել սպորտում: Իսկապես ծավալուն աշխատանք ենք իրականացրել, շատ-շատերի հետ ենք հանդիպել: Կան որ կոնկրետ մարզաձևով են ցանկանում զբաղվել, կան որ բավականին աթլետիկ վիճակում են և դեռ չեն ընտրել, թե ինչ մարզաձևով պետք է զբաղվեն:
-Ու նաև հետաքրքիր է՝ արդյոք տեխնիկապես ապահովված են բոլոր պայմանները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց մեր երկրում թույլ կտան լիարժեք զբաղվել սպորտով ու նաև արդյունքներ ապահովել:
-Սա մեր ամենացավոտ հարցն է, որովհետև հաշմանդամություն ունեցող անձանց մարզաձևերը շատ թանկ միջոցներ են պահանջում՝ հարմարեցված տարբեր սայլակները, տարբեր մարզաձևերի գույքը … մեր տղաները շատ հին գույքով են մարզվում, մասնավորապես պարաաթլետիկայի մարզիկները: Նախանցյալ տարի մեր երեք տղաները մարաթոնին մասնակցեցին 20 տարվա սայլակներով, որ այդ մեծ մրցակցային մթնոլորտում մյուս երկրների ներկայացուցիչների մոտ անգամ քմծիծաղ էր առաջացնում: Էլ չեմ խոսում արդյունքներ ցույց տալու մասին, քանի որ ինչպես բոլոր ոլորտները, դա նույնպես արագ զարգանում է, ստեղծվում են ավելի արագ սայլակներ, ավելի ճկուն դահուկներ:
-Գիտեմ, որ զբաղվում եք նաև վիրավոր զինվորներին սայլակներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելով …
-Այո, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության վերջին 6 ամսվա գործունեությունը հենց այդ ուղղությամբ է եղել: Մեծ քանակությամբ սայլակներ, քայլակներ, հենակներ ու մարդասիրական այլ օգնություն ենք բաժանել մեր վիրավորած զինվորներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տեղահանվածներին: Այս պահին մեր «Փյունիկ» բարեգործական ՀԿ-ի շենքում տեղահանվածներ կան՝ մոտ 18 հոգի, որ մինչև օրս ապրում են:
-Այս մասով պետական աջակցություն ստանո՞ւմ եք:
-Ոչ: Փախստականներին պահում ենք մեր և մեր շրջապատի միջոցների հաշվին: Փորձեցինք գազի և էլեկտրաէներգիայի վճարների փոխհատուցում ստանալ պետությունից, չհաջողվեց: Շարունակում են նրանք անվճար մեզ մոտ ապրել, չենք դժգոհում ու պատրաստ ենք նրանց օգնել: Իրենց շեն տները թողել դուրս են եկել այնտեղից՝ առանց ինչ-որ բան հետները վերցնելու… այս ընթացքում նրանց օգնեցինք նաև հագուստով, ուտելիքով, այլ պարագաներով. կարծում եմ՝ իրենք մեզանից գոհ են: