Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի։ Երկար տարիներ այն գլխավորելուց հետո լեգենդար Ալբերտ Ազարյանն այլ պաշտոն ստանձնեց՝ դառնալով ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
ArmSport-ը 92-ամյա մասնագետի հետ զրուցել է մարմանամարզության աշխարհում առկա խնդիրներից ու հաջողություններից։
-Պարո՛ն Ազարյան, նախ, սկսենք վերջին իրադարձություններից․ մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի։ Ո՞ւմ եք թողնում այն կառույցը, որով զբաղվում էիք 98 թվականից։
-Ես հիմա էլ եմ ղեկավարում։ Ավելի բարձր պաշտոնի եմ անցել․ ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ։ Բոլորը ինձ են ենթարկվում։ Այնպես որ, աշխատանքը նորմալ ընթանում է։ Ֆեդերացիայի այժմյան նախագահ Գագիկ Վանոյանը մեր հին մարմնամարզիկներից է, միշտ մեզ հետ շփվում է և կարողացանք այնպես անել, որ այդ շփման ընթացքում նա կարողանա մեր աշխատանքներով զբաղվել։ Ինձ թվում է՝ պիտի որ լավ լինի։
-Ինչպե՞ս կամփոփեք հենց այդ պաշտոնում անցկացրած Ձեր երկարուձիգ տարիները։ Բավարարվա՞ծ եք։
-Վատ չենք աշխատել ընդհանրապես։ Այստեղ միայն իմ աշխատանքի հարցը չէ։ Մեր բոլոր աշխատողները, մարզիկները, մարզիչները ինձ հետ միասին մասնակցել են աշխատանքներին, մարզումներ են անցկացրել։ Հիմա էլ շատ լավ աշխատանք ենք տանում, շատ լավ արդյունքներ ունենք։ Երեխաները շատ լավ մարզումներ են անցկացնում, մենք էլ բոլորս մեկս մյուսին օգնելով՝ կարողանում ենք կատարել մեր աշխատանքը։
-Ի՞նչ մակարդակի վրա է այս սպորտաձևն այսօր Հայաստանում՝ Ձեր աչքերով։
-Հայաստանում չես կարող ասել, թե մարմնամարզությունը որ տեղն է գրավում, բայց հեռուստացույցը, որ միացնում ենք միանգամից ֆուտբոլ կամ շախմատ է։
Մարմնամարզությունը երեխաներին առողջություն է տալիս, զարգացնում է բոլոր մկանները։ Մարմնամարզության մասին միշտ պիտի խոսվի, պիտի այնպես արվի, որ բոլորը զբաղվեն դրանով։ Ես շաբաթը 5 անգամ թեթև մարզվում եմ։ Ամբողջ աշխարհում մարմնամարզությանը մեծ ուշադրություն են դարձնում, իսկ մեզ մոտ լրագրողները մարմնամարզության հետ չեն շփվում․ գան, մտնեն դահլիճ, տեսնեն՝ երեխաներն ինչ են անում։ Մարմնամարզությունը միշտ պիտի հաղորդվի։ Մանավանդ տղաները, աղջիկներն էլ հետը, բոլորը պիտի զբաղվեն մարմնամարզությամբ։ Տեսեք՝ ֆուտբոլը մի ուրիշ ձևով է մկանները զարգացնում, ըմբշամարտը՝ ուրիշ, իսկ մարմնամարզությունը ոտքի եղունգից մինչև մազերը զարգացնում է։ Այնպես որ, այս սպորտաձևով զբաղվողները առողջ են լինում։ Մեզ մոտ կան երեխաներ, որ գալիս այստեղ 2-3 տարի մարզվում, հետո գնում են այլ սպորտաձևով զբաղվում, որովհետև արդեն հիմքը կա, բոլոր մկանները տեղն են։
Մարմնամարզությունը պիտի մասսայական լինի։
-Որո՞նք են գլխավոր խնդիրներն այս սպորտաձևի հետ կապված։
-Խնդիրներից չեմ ուզում խոսել, որովհետև ղեկավարությունն ինձ լսում է և կարողանում ենք շտկել այն, ինչ պետք է շտկենք։ Խնդիրն այն է, որ մարմնամարզությունը պիտի բոլոր մարզերում զարգացնենք։ Պիտի չլինեն միայն Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցները։ Պետք է պրոպագանդել, որ մարմնամարզությունը զարգացնում է երեխայի առողջությունը։
Մեր զրույցին ներկա Գառնիկ Սարոյանը, որը ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարն է ու Ազարյանի 55 տարվա ընկերը, ասում է, որ Երևանի քաղաքապետարանն այստեղ էլ նոր մարզադպրոց է կառուցելու Ալբերտ Ազարյանի անունով: Այն արդեն նախագծման փուլում է, տեղանքը որոշված է․ «Հրազդան» ստադիոնի կողքին մեծ մարզադպրոց է կառուցվելու միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի այնտեղ նաև մրցաշարեր անցկացվեն:
— Անկախությունից հետո այս տարիների ընթացքում կարո՞ղ էր պետությունը ավելի ուժեղ, որակյալ սպորտային համակարգ ստեղծել, քան ունենք, թե՞ առավելագույնն է արվել։
-Մյուս սպորտաձևերի մասին չեմ կարող ասել, բայց մարմնամարզությունը նույնն է մնացել։ Միայն Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի դպրոցներն են, որ կարողանում են այդ աշխատանքը տանել։ Ու շրջաններում էլ, օրինակ՝ Գյումրիում, ծանոթներ ունենք, որ փոքր խումբ ունեն, մարզում են։
— Պարո՛ն Ազարյան, Ձե՞ր սերնդի ժամանակ էր հեշտ սպորտային ուղին հարթել, թե հիմա՞ ՝ սկսած պայմաններից ու տրվող հնարավորություններից։
-Ընդհանրապես միշտ էլ դժվար է եղել։ Մարմնամարզությունը 6 գործիք է։ Այս սպորտում հաջողության հասնելը մի քիչ դժվար է։ Բայց հիմա դժվարությունները շատ են։
— Գո՞հ եք երիտասարդ սերնդից, միշտ ավագ սերունդը քննադատում է երիտասարդներին, դասական ավանդույթը կրկնվու՞մ է։
-Մեր բնավորությունն այնպիսին է, որ բոլորի հետ չենք շփվում։ Բայց դե մեր երեխաներին, մեր սերնդին կարողանում ենք լավ դաստիարակել։ Մեր երեխաները միշտ էլ հաջողություններ են ունեցել կյանքում։
-Այսինքն՝ Ձեր կարծիքով սպորտը ազդո՞ւմ է երեխայի բնավորության ձևավորման վրա։
-Մարմնամարզությունը՝ այո։ Այն մարզիկին սովորեցնում է պայքարել գործիքի հետ։ Մարմնամարզիկի մեջ վատ սովորություններ չեք գտնի։ Նրանք դաստիարակված են։
-Ձեր կուտակած տարիների փորձից ելնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը։
-Որ մարմնամարզությամբ զբաղվեն ու առողջ մնան։
Ստելլա Բաբլոյան