Նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Սփինքսը, որը հայտնի է դարձել Մուհամեդ Ալիի հետ մենամարտում տարած հաղթանակով և չեմպիոնի տիտղոսը վերջինից խլելով, մահացել է 67 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` վերջին 5 տարվա ընթացքում Սփինքսը պայքարում էր քաղցկեղի դեմ:
24-ամյա Սփինքսի ու թոշակի գնալ պատրաստվող 36-ամյա Ալիի հայտնի մենամարտը տեղի է ունեցել 1978 թվականի փետրվարի 15-ին: Սա երիտասարդ բռնցքամարտիկի համար 8-րդ պրոֆեսիոնալ մենամարտն էր, որում նա հաղթանակ տարավ ավելի փորձառու մարզիկի նկատմամբ, որը հեշտ մենամարտի անցկացնելու հույս ուներ:
Ալին նույն տարվա սեպտեմբերին ռևանշի էր հասել` հաղթելով Սփինքսին:
Սփինքսը բռնցքամարտիկի կարիերան ավարտել է 1995 թվականին: Նա անցկացրել է 46 մենամարտ, որոնցում տարել է 26 հաղթանակ և պարտվել է 17 անգամ: Եվս 3 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի: