ԱՊԼ-ի 22-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոնին» և ջախջախիչ հաղթանակ տարել։ Հանդիպումը կայացել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել է մանկունիացիների՝ 9-0 հաշվով հաղթանակով։
Նշենք՝ խաղի արդեն երկրորդ րոպեին «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ալեքսանդր Յանկեվիցը կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է դաշտից։ 19-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի համար ՄՅՈՒ-ի դեմ խաղը երկրորդն էր ԱՊԼ-ում և առաջինը մեկնարկային կազմում։ Յանկեվիցը նախորդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում դաշտ էր դուրս եկել 89-րդ րոպեին։
Խաղավարտին՝ 86-րդ րոպեին, «Սաութհեմփթոնը» մնացել է 9 հոգով, երբ հեռացվել է Յան Բեդնարեկը, ով ավելի վաղ նաև ինքնագոլի հեղինակ էր դարձել այս խաղում։
ՄՅՈՒ-ի կազմում մյուս 8 գոլերը հեղինակել են Աարոն Վան-Բիսական, Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, Անտոնի Մարսիալը, որը դուբլ է ձևակերպել, Սկոթ Մակտոմինայը, Բրունու Ֆերնանդեշը, որը անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և Դենիել Ջեյմսը։
Ուլե-Գունար Սուլշերի սաները 22 խաղից հետո վաստակել են 44 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 12-րդ տեղում է։ Նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել։
Տուրի մյուս խաղերում «Քրիսթալ Փելասը» 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին», իսկ «Շեֆիլդը» նույն հաշվով առավելության հասավ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։