Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը շարունակում է նախապատրաստությունը մարտի 22-28-ը Շվեդիայում կայանալիք գեղասահքի Աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Հայրապետյանն ամեն ինչ անում է, որ լավ մարզավիճակով ներկայանա տարվա կարևորագույն ստուգատեսին, սակայն դեռևս անհայտ է՝ կկարողանա՞ն մեկնել մրցավայր, թե՝ ոչ:
«Հայաստանում կարանտինը շարունակվում է և վիզաներ չեն տրամադրում, սակայն հիմա անում ենք ամեն ինչ, որ ստանանք վիզա: Ֆեդերացիան էլ անում է ամեն ինչ, որ կարողանանք մեկնել»,-ասում է մարզիկը:
Աշխարհի առաջնությանն ընդառաջ Սալվիկ Հայրապետյանն այս ամիս պետք է մասնակցեր Տալինում կայանալիք միջազգային մրցաշարին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով ամենայն հավանականությամբ չի կարողանա մեկնել մրցավայր.
«Հիմա քիչ թե շատ եկել եմ լավ մարզավիճակի, բայց մրցակցային փորձի պակաս կա, քանի որ վերջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցել եմ ուղիղ մեկ տարի առաջ: Դեռևս չենք կարողացել վիզաների հարցը լուծել Տալին մեկնելու համար, բայց դեռ ամեն ինչ փորձում ենք անել, որպեսզի հնարավոր լինի: Կարելի է ասել, հիմա զրոյից պետք է զգամ մրցակցիային էներգիան ու ուժը: Մենք մեծ ընդմիջում ենք ունեցել: Մարտից մինչև նոյեմբեր մարզումներ չենք ունեցել սառույցի վրա ու շատ ենք հետ մնացել մյուս երկրներից, քանի որ իրենք մարզումներ ունեցել են»,-նշում է Հայրապետյանը:
Հավելենք, որ ԱԱ-ում Օլիմպիական ուղեգրի կարժանան լավագույն 20 արդյունք ցույց տված գեղասահորդները: Օլիմպիական ևս մեկ լրացուցիչ մրցաշար կանցկացվի Գերմանիայում: