Իտալիայի Ա Սերիան արդեն հատել է հասարակածը։ Հունվարի 29-ին արդեն կմեկնարկի առաջնության երկրորդ հատվածը։ Այս մրցաշրջանն ակնհայտորեն տարբերվում է վերջին մի քանի մրցաշրջաններից, ընթանում է համառ պայքար չեմպիոնության և մրցանակային տեղերի համար, այս անգամ առաջնությունն ընթանում է առանց թուրինյան գրանդի դոմինանտության։ «Ռոմա՞ն»՝ Մխիթարյանի գլխավորությամբ, կրկին «Յուվենտո՞ւսը», միլանյան ակումբներից որևէ մեկը՞․․․ ո՞վ կլինի այս տարվա չեմպիոնը․․․ առաջարկում ենք ամփոփել մրցաշրջանի առաջին հատվածը։
🔴 Կարմիր
Ե՞րբ էր վերջին անգամ Միլանը, իսկ ավելի ճիշտ՝ Ա Սերիան, կարմիր եղել․․․ Այս մրցաշրջանից առաջ քչերի մտքով անգամ կանցներ, որ Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքի համանուն թիմը այսպիսի հրաշալի մեկնարկ մեզ կպարգևի։ Ստեֆանո Պիոլիի «Միլանը» պարզապես ֆանտաստիկ է․ 14 հանդիպում, 10 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Մի՛ րոպե․․․ ոչ մի պարտություն․ «Միլանը» միակ ակումբն է թոփ-5 լիգաներում, որը դեռևս պարտություն չի կրել։
Դեռ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածից էր ակնհայտ, որ թիմը մեծ պրոգրես է գրանցում, խաղային ձեռագիր ձեռք բերում․ իսկ մինչ այդ՝ շատերը ցանկանում էին Պիոլիի հրաժարականը․․․ Դե ինչ, թիմի ղեկավարությանը ռեսփեքթ այն բանի համար, որ վստահեցին 55-ամյա մարզչին, ում աշխատանքի պտուղները այժմ նրանք քաղում են։
Իհարկե, թիմում մեծ դերակատարում ունի նաև Զլատանը․ վետերան ֆուտբոլիստից ակնկալիքները սկզբնական շրջանում շատերի համար քիչ էին։ «Ֆուտբոլիստ, ում կարիերայի մայրամուտը սարերի ետևում չի, ի՞նչ կտա նա այս «Միլանին»,- շատերն էին հավանաբար այդպես կարծում։ Եվ այս հարցի կարճ պատասխանը կարելի է այսպես ձևակերպել․ «բնավորություն և կարգապահություն»։
Եվ Իբրահիմովիչը հանդերձարանում կատարում է ոչ միայն խիստ «հայրիկի» դերը, այլ նաև հրաշալի մրցաշրջան է անցկացնում հենց խաղադաշտում․ 10 գոլով նա առաջնության գլխավոր ռմբարկուներից մեկն է։
Լավ մրցաշրջան են անցկացնում նաև «կարմիրների» ևս մի քանի ներկայացուցիչ, որոնցից կցանկանյինք առանձնացնել Թեո Էրնանդեսին և Ֆրանկ Կեսեին, ովքեր հետագայում կարող են դառնալ թիմի առաջատարները, երբ Զլատանը գնա վաստակած «թոշակի»։ Թիմում առանցքային դեր է խաղում նաև Սիմոն Կյաերը․ դանիացին պաշտպանության հիմնական հենասյունն է, ով օգնում է երիտասարդ գործընկերներին իրենց ավելի վստահ զգալ խաղադաշտում։ Առաջընթաց են գրանցում մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Կալաբրիան, Սաելեմաեկերսը, Ռոմանյոլին և թիմի նորեկներ Հաեուգեն և Տոնալին, շատ լավ տպավորություն է թողնում երիտասարդ պորտուգալացի հարձակվող Ռաֆաել Լեաուն։
Ի՞նչ ավարտ կունենա այս «Միլանի» ոդիսականը՝ դժվար է կանխագուշակել, ինչպես դժվար էր ակնկալել թիմի այս հաջողությունները։ Ներկա պահին թիմը դրսևորում է վերը նշված «բնավորությունը», ունի մինչև վերջ պայքարելու, հաղթելու ցանկություն։ Հիշո՞ւմ եք նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլը» կամ «Ռեալը»․ երբ թվում էր, որ ահա, այս խաղում թիմը միավորներ կկորցնի, ամեն ինչ գնում է դրան, սակայն․․․ մրցավարի վերջին սուլիչից հետո թիմը 3 միավորը «շալակած» դուրս է գալիս մարզադաշտից։ Ահա սա է հաղթողի «բնավորությունը», այդպես են դառնում չեմպիոն, և ներկայումս «կարմիներն» ունեն այդ հատկանիշը։ Առաջնության մեծ մասը դեռ առջևում է և անչափ հետաքրքիր կլինի հետևել չեմպիոնական մրցավազքին․․․
🔵 Կապույտ
Իսկ ահա այն, որ Միլանը կլինի հենց «կապույտ», ավելի հավանական էր թվում մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Սակայն Անտոնիո Կոնտեի «Ինտերը» ևս չեմպիոնական մրցավազքի մասնակիցն է՝ ընդամենը մեկ միավորով ետ մնալով իրենց «հարևաններից»։ Թիմի կորիզը կազմված է հիմնականում փորձառու ֆուտբոլիստներից։ Սակայն, այնպիսի տպավորություն է, որ թիմը բավականին շատ է կախված մեկ ֆուտբոլիստից՝ Ռոմելու Լուկակուից։ Թիմը մեկ այլ խաղ է ցուցադրում, երբ բելգիացին խաղադաշտում չէ, և լրիվ այլ խաղ՝ երբ «հսկան» ներկա է խաղին։ Դա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ համաձայն ե՞ք այդ կարծիքի հետ, թե՞ ոչ, գրեք Ձեր կարծիքը մեկնաբանություններում․ շատ հետաքրքիր կլինի կարդալ նաև կարծիքները։
Եվ իսկապես, Լուկակուի համար 2020թ հավանաբար լավագույնն է իր կարիերայում։ Ի դեպ, Լուկակուն 16 գոլով դարձել է 2020թ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի լավագույն ռմբարկու:
Բայց ասել, թե «Ինտերը» դա միայն Լուկակուն է, ևս սխալ կլինի։ Թիմում կան մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ապագայում կարող են դառնալ առաջատարներ՝ Բարելլա, Հակիմի, Բաստոնի և իհարկե՝ Լաուտարո Մարտինես, եթե իհարկե նա շարունակի իր կարիերան միլանյան ակումբում։
Կարո՞ղ է «Ինտերը» դառնալ Ա Սերիայի չեմպիոն․ միանշանակ՝ այո։ Կոնտեի թիմը իր հիմնական մրցակիցների նկատմամբ ունի մեկ առավելություն, թիմը խայտառակ հանդես եկավ Չեմպիոնների Լիգայում (իհարկե, առավելությունը դա չէ🤣), բայց ինչպես ժողովրդական խոսքն է ասում․ «ամեն դժբախտության մեջ կարելի է գտնել նաև դրական կողմը»։ Եվ այդ դրական կողմը հենց այն է, որ թիմը դուրս է մնացել եվրագավաթներից՝ ի տարբերություն մրցակիցների, և դա հնարավորություն է տալիս Կոնտեին ամբողջ ուշադրությունը սևեռել ներքին առաջնության վրա․ ավելի քիչ խաղեր, ֆուտբոլիստներին ավելի շատ հանգիստ տալու հնարավորություն և, իհարկե, եվրագավաթներից դուրս մնալուց հետո առկա զայրույթ, որը կարելի է մոտիվացիայի վերածել՝ ներքին առաջնութունում արդյունքներ գրանցելու համար։
⚫⚪ Սև-սպիտակ
Եվ իարկե, չեմպիոնական մրցավազքից ետ չի մնա նաև «Յուվենտուսը», որը վերջին 7 մրցաշրջանների չեմպիոնն է։ Կազմի առումով, կարծում եմ շատերդ կհամաձայնվեք՝ Թուրինյան ակումբը դեռ ուժեղագույնն է Ա Սերիայում։ Բայց դա միայն թղթի վրա։
Թիմի դի՞րքը մրցաշարային աղյուսակում․ դա էլ ցուցանիշ չէ։ Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինպես են թուրինցիները վատ մեկնարկից հետո ի վերջո դառնում Ա Սերիայի չեմպիոն։ Սակայն այս անգամ կան որոշ «բայցեր»։ Եվ գլխավոր «բայցը» դա գլխավոր մարզիչն է։ Կկարողանա՞ Պիրլոն դառնալ «Յուվենտուսի» համար իդեալական մարզիչ, կբերի՞ նա Թուրին ևս մեկ սկուդետո և արդյո՞ք թիմի հաղթանակը Ա Սերիայում կարելի է համարել բավարար՝ Պիրլոյի աշխատանքին գնահատական տալուց։
Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպիսի արդյունքներ կգրանցի «Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայում․ ներքին առաջնությունում հաղթելը թիմի ղեկավարության համար առաջնային չէ։ Իսկ եթե Պիրլոն ձախողի մրցաշրջանը երկու մրցաշարերում էլ, ապա մեծ հարցականի տակ կդրվի նրա ապագան Թուրինում։ Համենայն դեպս, ակումբի ղեկավարության կողմից թիմի ղեկը հանձնելը մարզչի, ով ընդամենը վերջերս է ստացել մարզչական արտոնագիր, մեծ ռիսկ է։ Մնում է հուսալ, որ լեգենդար ֆուտբոլիստի մարզչական կարիերայի մեկնարկը կստացվի։ Համենայն դեպս, առաջին լուրջ փորձությունը Պիրլոյի համար պսակվեց անհաջողությամբ․ Պիրլոյի «Յուվենտուսը» վերջերս զիջեց հիմնական մրցակցին՝ Կոնտեի «Ինտերին»։
«Յուվենտուսի» կազմը, ինչպես արդեն նշեցինք, ուժեղագույններից է, եթե ոչ՝ ուժեղագույնը Ա Սերիայում։ Ռոնալդուն շարունակում է արդյունավետ գործել, լավ մրցաշրջան է անցկացնում Ռեմսին, թիմի նորեկներ Կուլուշևսկին և Մակքենին աստիճանաբար ամրապնդվում են հիմնական կազմում, Արտուրը ևս կարծես թե արդեն վերգտել է իր խաղը։ Մնում է միայն լուծել Դիբալայի հարցը, ում ապագան թուրինյան ակումբում ևս մշուշոտ է։
🐺 Գայլերի առաջնորդ Մխիթարյանը
18 խաղ, 8 գոլ և նույնքան գոլային փոխանցում. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անցկացնում է իր կարիերայի լավագույն ժամանակահատվածներից մեկը։ 32-ամյա ֆուտբոլիստը այժմ հանդիսանում է «գայլերի ոհմակի» եթե ոչ առաջնորդը, ապա նվազագույնս առաջատարաներից մեկը։ Նա իր ներդրումն ունի Ա Սերիայում «Ռոմայի» խփած 41 գոլերից 16-ում (8+8), ինչը կազմում է մոտ 40%: Ինչպես նաև նա ներկա դրությամբ լավագույնն է Ա Սերիայում գոլային փոխանցումների քանակով։
Այժմ թիմը երրորդն է մրցաշարային աղյուսակում, սակայն կկարողանա՞ն հռոմեացիները չեմպիոն դառնալ։ Շատ եմ ցանկանում ասել՝ միանշանա՛կ, բայց դա իրականում այդքան էլ միանշանակ չէ։ Նախ, թիմի կարգը․ որքան էլ Հենոն մերն է, և իսկապես, նա շատ բարձրակարգ է ու կարող էր հանդես գալ վերը նշված երեք թիմերից ցանկացածի կազմում, բայց միայն մեկ, երկու կամ, լավ, երեք բարձրակարգ ֆուտբոլիստներով շատ դժվար է մրցակցել։ Ըստ Transfermarkt-ի, թիմի կազմի արժեքը մոտ կրկնակի անգամ զիջում է «Յուվեին», մոտ 1,5 անգամ՝ «Ինտերին» և «Նապոլիին»։
Հիմա կասեք, բա «Միլա՞նը» (չնայած միլանյան թիմի կազմն էլ բավականին թանկ է հռոմեացիների համեմատ)․․․ այսպես պատասխանեմ՝ իսկ միլանյան ակումբն արդեն չեմպիո՞ն է։ Սա ֆուտբոլ է, հնարավոր է ամեն ինչ ( «Լեսթերը» վկա), սակայն այս դեպքում մեծ վերապահումով կարելի է ասել, որ «գայլերը» կարող են կրկնել «աղվեսների» սխրանքը։ Թիմի խնդիրներից մեկն էլ մարզիչն է․ Ֆոնսեկան ամենևին «էլիտային» պատկանող մարզիչներից չէ (սուբյեկտիվ կարծիք), բայց այստեղ նույնիսկ խնդիրը նրա բուն մարզչական աշխատանքի մեջ չէ․ վերջերս թվում է, որ հանդերձարանում Ֆոնսեկան ոչ միշտ է լեզու գտնում բոլոր խաղացողների հետ։ Ջեկոն, ում հետ նա վերջերս խնդիրներ ուներ, արդեն իսկ նոր ակումբ է փնտրում և կարող է հեռանալ հենց այս ձմեռ։ Իսկ տրանսֆերային պատուհանի դռները կփակվեն արդեն մի քանի օրից և հարցական է՝ այդպիսի սցենարի դեպքում կկարողանա՞ն հռոմեացիները թիմի առաջատարներից մեկին փոխարինող գտնել։
Հարցեր կան նաև ակումբին վերաբերվող մյուս բաժիններին, մարզչական շտաբին․ երկու տեխնիկական պարտություն կես մրցաշրջանի ընթացքում՝ անփույթ աշխատանքի հետևանքով (այստեղ և այստեղ)։ Շատ չէ՞ նման մեծ ակումբի համար։
Թիմը ունի նոր հարուստ սեփականատեր, սակայն մեծ տրանսֆերներ մենք չտեսանք ոչ ամռանը, և դժվար թե տեսնենք նաև ձմռանը։ Իսկ պահեստայինների նստարանը․․․ հասկացաք։ Եվ այս ամենի հանրագումարով, որքան անձամբ ես էլ ցանկանում եմ տեսնել «Ռոմային» որպես չեմպիոն, դժվար է ակնկալել, որ դա իրականություն կդառնա այս տարի։ Սակայն երկրպագել ու հավատալ, մեզ ոչ ոք չի արգելում․․․ այնպես որ, առա՜ջ, Հենո․․․
✅ Մյուսները․․․
Գասպերինիի «Ատալանտան» վերջերս, կարծես թե, վերգտել է իր խաղը, «Նապոլին»՝ Գատուզոյի գլխավորությամբ, շատ վառ է այս մրցաշրջանում հանդես գալիս, իսկ Ինձագիի «Լացիոն» այս տարի այդքան էլ տպավորիչ չէ, ինչպես նախորդում։ Այս եռյակը, իհարկե, դեռ բազմիցս «կազդի» առաջատարների նյարդերի վրա, սակայն նրանցից ո՞վ իսկապես կպայքարի չեմպիոնության համար․․․ հավանաբար դա կարող է անել «Նապոլին», բայց, անկեղծ ասած, անձամբ թերհավատորեն եմ վերաբերում այդ տարբերակին․ լավագույնս, ինչին կարող է հասնել նեապոլիտանական թիմը, դա ՉԼ-ի ուղեգրի համար պայքարն է, այսինքն՝ լավագույն քառյակում հանգրվանելը։ Նույնը, բայց ավելի քիչ հավանականությամբ, կարելի է ասել նաև «Ատալանտայի» վերաբերյալ։ Իսկ «Լացիո՞ն»․․․ Իմոբիլեն չի կարող ամեն մրցաշրջանում 30+ գոլեր գրանցել իր հաշվին, իսկ թիմի գլխավոր մինուսը՝ դա պահեստայինների կարճ նստարանն է (ավելի ճիշտ՝ որակյալ)։
Այս մրցաշրջանում պարզապես հրաշալի է հանդես գալիս «Սասուոլոն»՝ ցուցադրելով դինամիկ ու տեսարժան ֆուտբոլ։ Դե Զերբիի թիմը շատ լավն է, ինքը՝ մարզիչը ևս իրեն դրսևորում է որպես բարձրակարգ մասնագետ, սակայն, կրկրնվեմ, այս տարի մրցակցությունն այնքան մեծ է, որ համեստ «Սասուոլոյին» դժվար կլինի պայքարել նույնիսկ Եվրոպա լիգայում հայտնվելու համար։ Ժամանակից առաջ չընկնենք, միգուցե, նրանք դեռ կկարողանա՞ն զարմացնել մեզ։
✅ Մրցաշրջանի անակնկալը
«Վերոնան» նախորդ մրցաշրջանում դարձավ առաջնության գլխավոր անակնկալներից մեկը, իսկ այս մրցաշրջանում շարունակում է լինել «ամուր ընկույզ»։ Սակայն այս մրցաշրջանի գլխավոր անակնկալներից մեկը կարելի է համարել «Բենևենտոն»՝ մյուս Ինձագիի՝ Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Առաջնության նորեկները, ամենայն հավանականությամբ, կամրապնդվեն մրցաշարային աղյուսակի միջնամասում․ ավելի վաղ մենք արդեն անդրադարձել էինք «վհուկներին», նշելով, որ նրանք հետաքրքիր նախագիծ են «մոգոնել» և էլիտայում ամրապնդվելու երկարաժամկետ հավակնություններ ունեն։
✅ Ի՞նչ կա նկուղում
Այստեղ ամեն ինչ շատ բարդ է․ առաջնության նորեկներ «Սպեցիան» և «Կրոտոնեն» այդքան էլ չեն տպավորում, այդ իսկ պատճառով, ըստ իս, նրանք առաջնությունը լքելու գլխավոր հավակնորդներից են։ Նման ճակատագիր է սպասվում նաև դժվար ժամանակներ ապրող «Պարմային» և «Տորինոյին», եթե մրցաշրջանի երկրորդ հատվածում չշտկեն մրցաշարային իրավիճակը։ Անվստահ են հանդես գալիս նաև «Կալյարին» և «Ջենովան», «Ուդինեզեն» ևս ետ չի մնում, սակայն, կարծում եմ, որ այս եռյակը կկարողանա խուսափել դաժան ճակատագրից։
⚽ Լավագույն ռմբարկուները
Լավագույն ռմբարկուների մրցավազքը գլխավորում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձել է 15 գոլի հեղինակ։ Նրան հաջորդում են նախորդ առաջնության գլխավոր ռմբարկուն՝ Չիրո Իմոբիլեն (13 գոլ, «Լացիո»), և վերջին երկու օրերի համաշխարհային ֆուտբոլի երկու հերոսները (մանրամասներն՝ այստեղ)՝ Զլատանն ու Լուկակուն՝ 12-ական գոլերով։
Վար Բաբայան