ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, ԲԿՄԱ ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանն ArmSport-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆեդերացիայի գործկոմի՝ հունվարի 25-ին կայացած նիստի արդյունքները, որի ընթացքում որոշում է կայացվել կասեցնել 6 անդամների անդամությունը ՀՖՖ-ին: Աղբալյանը դեմ էր քվեարկել միայն «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի անդամության կասեցմանը, չնայած սրան ձայների 11 կողմ 2 դեմ հարաբերակցությամբ Նոյեմբերյանը ներկայացնող ակումբի անդամությունը ևս ժամանակավորապես կասեցվել էր.
«Դովեղի» պարագայում ես նշեցի, որ այս ակումբն ի սկզբանե ստեղծվել է սահմանամերձ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլ ունենալու, կազմակերպելու և զարգացնելու նպատակով, և ոչ մեծ ռեսուրսներով: Այսինքն «Դովեղի» հիմնադիրը շատ այլ ակումբների հնարավորությունը չունի, և նիստի ընթացքում էլ ասացի, որ շատ կափսոսամ, եթե վերջինիս անդամությունը կասեցվի, չնայած՝ պետք է նշեմ, որ ՀՖՖ-ի բերված հիմքերն ամբողջովին համապատասխանում էին ֆեդերացիայի կանոնադրությանը. առաջարկեցի ժամանակ տալ, օրինակ հետաձգել հարցի քննարկումը, և միգուցե կարողանանք լուծում գտնել հենց հասարակական կազմակերպությունն ուժեղացնելու առումով, քննարկում ունենանք հենց պարոն Հակոբյանի հետ (խմբ. — «Դովեղի» հիմնադիր Թաթուլ Հակոբյանի), բայց փաստորեն ֆեդերացիան արդեն Թաթուլ Հակոբյանի հետ ունեցել է նամակագրություն, կար Թաթուլ Հակոբյանի պատասխանը մի քանի կետով: Այսինքն վաղուց պարզ էր՝ այս փուլում «Դովեղը» չի կարողացել ֆինանսների ներդրում ապահովել և թիմեր ունենալ, որոնք կմասնակցեն ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Օբյեկտիվորեն ֆեդերացիայի ներկայացրած հարցը օրենքների և ֆեդերացիայի կանոնակարգի սահմաններում էր, ու եթե հարցի քննարկումը հետաձգվեր, որևէ բան չէր փոխվելու, քանի որ «Դովեղը» միևնույն է չէր ունենալու թիմեր ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարերին մասնակցելու համար: Այդուհանդերձ, ես ունեմ իրավունք քվեարկելու կողմ, դեմ կամ ձեռնպահ, ու այդ հարցին դեմ եմ քվեարկել»,- ասում է Գագիկ Աղբալյանը:
Այդուհանդերձ, ինչպես հայտնի է՝ այս կասեցումները ժամանակավոր բնույթ են կրում, ու Գագիկ Աղբալյանի խոսքով, եթե ակումբների և ՀԿ-ների մոտ որևէ բան փոխվի, Գործկոմը կարող է վերանայել իր որոշումները կասեցումների վերաբերյալ և ինչու ոչ` նաև չեղարկել դրանք.
«Այնպես չէ, որ Գործկոմը շատ հեշտությամբ ինչ-որ հարցի կողմ է քվեարկում: Այս Գործկոմին հատկապես, որևէ մեկը չի կարող մեղադրել նման բանում: Այս կազմը միշտ քննարկել է ամեն հարց, բազմակողմանի է դիտարկել հարցերը, նիստը մոտ 3 ժամ է տևել, եղել են մանրամասն քննարկումներ, տարակարծություններ, պարզաբանումների պահանջ, որոնք մանրամասնորեն բավարարվել են ֆեդերացիայի նախագահի կամ գլխավոր քարտուղարի կողմից: Որևէ մեկը չի կարող ասել, թե այս Գործկոմը հեշտ ու հանգիստ կողմ քվեարկեց ինչ-որ հարցի վերաբերյալ»,- ասում է ԲԿՄԱ-ի տնօրենը:
Հիշեցնենք՝ կասեցվել են նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ , Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ և Սևան ՖԱ ՍՊԸ-ի անդամությունը ՀՖՖ-ին:
«Սևանն», ինչպես հայտնի է, հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սևան ՖԱ ՍՊԸ»-ի անդամության կասեցումն ամենևին չի նշանակում, որ թիմն այլևս չի կարողանա մասնակցել առաջնությանը.
«Որևէ ակումբի կամ ՀԿ-ի անդամության կասեցումը չի ազդում իր թիմի մասնակցության և ելույթների վրա: «Սևանը» կշարունակի մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Այդ հարցը նիստի ընթացքում ևս բարձրացվեց: Ասում եմ՝ Գործկոմի անդամները շատ մանրամասն հարցեր են տալիս և ստանում պատասխաններ, նախքան որևէ հարցին կողմ կամ դեմ քվեարկելը: «Սևանը» շարունակելու է մասնակցել գործող կանոնադրությամբ , թիմի համար որևէ խնդիր չի լինելու: Պարզապես «Սևանի» անդամակցությունը ՀՖՖ-ին այս պահին կասեցված է»,- եզրափակում է իր խոսքը Գագիկ Աղբալյանը:
Նշենք՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ , Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի անդամությունը ՀՖՖ-ին կասեցվել է ՀՖՖ կանոնակարգի 16-րդ հոդվածի 1-ին կետի գ ենթակետի խախտման հիմքով, այն է՝ ՀՖՖ անդամները պարտավոր են մասնակցել ֆեդերացիայի կողմից կազմակերպվող առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին: Ինչ վերաբերում է «Սևանին», ապա այս դեպքում խախտվել են կանոնադրության 16-րդ հոդվածի Զ և Դ ենթակետերը, այն է՝ ՀՖՖ անդամները պարտավոր են վճարել անդամավճարներ, ինչպես նաև ֆեդերացիայի հետ ունեցած ցանկացած վեճ որպես վերջին ատյան (վեճի լուծման ՀՖՖ-ի ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո) պետք է հանձնվի Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի քննությանը, որը կլուծի վեճը՝ բացառելով այն Ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելը: Մինչդեռ, Արթուր Ազարյանի խոսքով, «Սևանը» դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: