«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի՝ Մառախլապատ Ալբիոն տեղափոխությունը ձախողման եզրին է։ «Ռոսսոներիները» մերժել են 21-ամյա պորտուգալացու վերաբերյալ «Էվերթոնի» առաջարկը։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Անգլիացիները Լեաուին հարձակման գծում իդեալական զույգ են համարում Դոմինիկ Կալվերտ-Լյուինի համար։ «Էվերթոնը» 30 մլն եվրո էր առաջարկել Ռաֆայելի համար, բայց մերժում էր ստացել «Միլանի» կողմից։
«Ռոսսոներիների» ղեկավարությունը այդ գումարը շատ քիչ է համարել, ընդ որում, ի պատասխան ֆինանսական ոչ մի հստակ պահանջ չի ներկայացվել։
Նշենք, որ Transfermarkt-ը Լեաուին գնահատում է 28 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում մասնակցել է 20 խաղի, խփել 6 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։