Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է հավաքը Ծաղկաձորում: Մեծահասակների թիմի հետ հավաքին մասնակցում են նաև երիտասարդական հավաքականի անդամները:
Հավաքականի հերթական մարզմանը ներկա է եղել նաև ArmSport-ը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ArmSport-ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի մարզական հետևանքների, ընթացիկ հավաքի և այս տարվա սպասելիքների մասին:
«Նախորդ տարին մենք նույնպես սկսեցինք հավաքներով և մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ նվաճեցինք: Այնուհետև ստիպված էինք ընդհատել մարզումները կորոնավիրուսի պատճառով, որն իհարկե ցանկալի չէր, բայց դրանից հետո հավաքներ անցկացրեցինք և կամաց-կամաց հունի մեջ ընկանք: Տարեվերջին մասնակցեցինք նաև Աշխարհի Գավաթի անհատական խաղարկությանն ու անցկացրեցինք Հայաստանի առաջնությունը»,-նշեց Սահակյանը:
Ծաղկաձորյան հավաքից հետո հունահռոմեականները կշարունակեն կարճ հավաքներ անցկացնել, որից հետո կմասնակցեն մրցաշարի Կիևում:
«Հիմա տարվա առաջին հավաքն ենք անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում է նաև երիտասարդական հավաքականը: Այս հավաքից հետո էլի հավաքներ կանցկացնենք , որից հետո պլանավորում ենք մասնակցել փետրվարի վերջին Ուկրաինայում կայանալիք՝ Կիևի միջազգային մրցաշարին: Այնուհետև արդեն կսկսենք նախապատրաստվել վարկանիշային մրցումներին, որոնք տեղի կունենան մարտին և մայիսին: Հիմա ունենք երկու վարկանիշ և պետք է պայքարենք մյուս 4 ուղեգրերի համար»,-ասաց հավաքականի մարզիչը:
Սահակյանի խոսքով կորոնավիրուսով պայմանավորված դադարը թողել է իր ազդեցությունը, սակայն տղաները կամաց-կամաց գալիս են իրենց լավագույն մարզավիճակին:
«Մենք երբեք չենք դադարեցրել մեր մարզումները: Թեկուզ բացօթյա, բայց մարզվել ենք, միշտ էլ մարզավիճակը պահել ենք: Իհարկե գորգի վրա չմարզվելը իր ազդեցությունն ունեցել է, բայց ամեն դեպքում կամաց-կամաց գալիս ենք մեր լավ մարզավիճակին: Արթուր Ալեքսանյանը, ինչպես ամբողջ թիմը լավ տրամադրությամբ շարունակում են մարզումները ու պատրաստվում են առաջիկա մրցումներին: Խանգարող բան չկա, պարզապես հարկավոր է ճիշտ մոտենալ»-եզրափակեց Էդուարդ Սահակյանը: