«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր պաշտոնանկության վերաբերյալ շշուկները՝ թիմի անհաջող ելույթների ֆոնին.
«Ես հիմար չեմ, գիտակցում եմ այն դժվարությունները, որոնք կան առաջատար ֆուտբոլային թիմ ղեկավարելու գործում, բայց ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում:Ինձ համար շշուկները նշանակություն չունեն:
Այն կապը, որ ես ունեմ երկրպագուների հետ, և այն աջակցությունը, որ ես ստանում եմ նրանցից, հիանալի է: Երբ ես այստեղ եկա որպես մարզիչ՝ գիտեի, որ հարաբերությունները կարող են փոխվել: Բաներ կան, որոնք չի կարելի վերահսկել: Քանի դեռ ես այստեղ եմ, կանեմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ավելի վաղ «Չելսին» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր «Լեսթեր Սիթիին»: Այս պարտությունը լոնդոնցիների համար դարձել էր 6-րդը առաջնությունում: Այս պահին «Չելսին» 29 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Լեմպարդի թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 24-ին՝ Անգլիայի Գավաթի շրջանակում մրցելով «Լուտոն Թաունի» հետ, դրանից հետո հունվարի 27-ին «Չելսին» կընդունի «Վուլվերհեմփթոնին», իսկ հունվարի 31-ին՝ «Բարնլինն»: