Հաճախ է ասվում, որ թենիսը ֆիզիկական շախմատն է, իսկ շախմատը կարո՞ղ է լինել մտավոր թենիսը։ Այս երկու մարզաձևերին մոտ կանգնած մարդիկ կփաստեն, որ կան նմանություններ, ու դրանք շատ են։ Հարցերի պատասխանը գուցե գտնեք Netflix-ի «Թագուհու գամբիթը» սերիալում, որը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց։
7 մասից բաղկացած առաջին եթերաշրջանը Էլիզաբեթ «Բեթ» Հարմոնի մասին է։ Նրա մայրը մտադրված կերպով վթարի է ենթարկում իրեն ու աղջկան։ Մայրը մահանում է, իսկ Բեթը հրաշքով ողջ է մնում ու հայտնվում մանկատանը։ Նա այնտեղ պահակից սովորում է շախմատ խաղալ, իսկ հանգստացնող հաբերի օգնությամբ գիշերները քնելու փոխարեն առաստաղին տեսնում է իրեն այդքան հարազատ դարձած շախմատային խաղատախտակն ու զբաղվում իր սիրելի խաղով։
Խաղերից մեկում Բեթը, երբ հասկանում է, որ մրցակցին ամբողջությամբ ծուղակի մեջ է գցել, ասում է հետևյալը․
«Դու տեսնու՞մ ես դա, թե մենք պետք է ավարտենք այն խաղատախտակի վրա»։
Սերիալի պրոդյուսերի խոսքով՝ այս տողերը գալիս են բացահայտելու մարզիկների էքզիստենցիալ անհրաժեշտությունը հաղթանակի հասնելու համար։
Երբ Բեթին հարցնում են, թե ինչու է նա ընտրել շախմատը, Բեթն ասում է, որ նա իրեն այնտեղ ապահով է զգում․
«Ես ապահով եմ զգում ինձ այնտեղ, ես կարող եմ վերահսկել այն, կարող եմ գերիշխող լինել այնտեղ։ Ու այն կանխատեսելի է ինձ համար։ Այնպես որ եթե ես ցավ ապրեմ շախմատ խաղալիս, ես միայն ինձ կարող եմ մեղադրել»։
Եկանք ու հասանք առաջին նմանությանը։ Լեգենդար թենիսիստ Ջիմի Կոնորսը թենիսի մասին խոսելիս արտահայտում էր գրեթե նույն մտքերը։ Այո՛, թենիսի ԴՆԹ-ի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ դու քո վատ խաղի կամ արդյունքի համար կարող ես մեղադրել միայն քեզ։ Այդպես է անհատական մարզաձևերում։ Թենիսն ու շախմատը հարմարավետ են այն մարդկանց համար, ովքեր չեն վստահում ուրիշներին։
Ինտելեկտուալ հիմքի վրա թենիս-շախմատ կապը ավելի ակնհայտ է։ Մեկ բան է լավ կարողանալ հարվածել թենիսի գնդակին, մեկ այլ բան է ճիշտ կառուցել միավորներն ու մրցակցել արդյունավետ կերպով։ Այդպես է նաև շախմատում։ Դու չես կարող բոլոր կարևոր քայլերն անել սկզբնախաղում, կամ բոլորը թողնել էնդշպիլին։
«Այս խաղը [թենիսը] ֆիգուրների շարժվելու մասին է»,-ասում է 1983 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչի մասնակից Քրիս Լյուիսը։ Եվ իսկապես, երբ փորձում ես համեմատել այս երկու մարզաձևերը, հասկանում ես, որ ընդհանուր առմամբ գլխավոր միտքը նույնն է․ դու այնպես պետք է անես, որ քո հակառակորդը մաքսիմալ վատ դրության մեջ հայտնվի։ Ու ինչպես շախմատի խաղատախտակը, այնպես էլ թենիսի կորտը ունեն սահմաններ, որտեղից դուրս ֆիգուրները չեն կարող խաղալ ու հաղթել։
Թե՛ թենիսում, թե՛ շախմատում կարևորագույն բանը համբերատար լինելն է։ Հակառակ դեպքում դուք կարող եք պարզապես ձախողվել։ Այո՛, երկու դեպքերում էլ պետք է սպասել ձեր շանսին։ Կա տեսակետ, որ թենիսի կորտում ու շախմատի խաղատախտակին ցուցադրած խաղը շատ բան կարող է պատմել այդ մարդու մասին։ Օրինակ, դժվար է պատկերացնելը, որ հարձակվողական ոճի շախմատ խաղացողը կարող է իր բնույթով շատ հանգիստ մարդ լինել։
Թենիսի ու շախմատի միջև առկա նմանությունների համատեքստում արժե հիշել նաև Անդրե Աղասիին։ Հայկական արմատներ ունեցող թենիսիստը բացատրում էր, թե ինչպես կարող է թենիսի խաղի ցանկացած միավոր որոշիչ դեր ունենալ։ Այսպես, Աղասին բացատրում էր, որ միավորը դառնում է գեյմ, գեյմը դառնում է սեթ, սեթը դառնում խաղ, խաղը մրցաշար, իսկ մրցաշարը կարիերա։ Այս նույն տրամաբանությամբ շախմատային պարտիայի ցանկացած քայլ կարևորագույն ու որոշիչ դեր կարող է ունենալ, ինչպես թենիսի ցանկացած միավորը։ Ու չասեք, թե այդպես չէ։ Կան միավորներ ու քայլեր, որոնք փոխել են թե՛ թենիսի, թե՛ շախմատի ողջ պատմությունը։
«Թագուհու գամբիթը» հերթական անգամ ցույց է տալիս շախմատային աշխարհում առկա այն պայքարը, որը կար Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև։ Սերիալում շատ լավ երևում է խորհրդային շախմատի ուժեղության առանձնահատկությունը։ Խորհրդային շախմատիստները միասին են աշխատում պարտիաներից առաջ, ինչն էլ մեծ հաջողությունների է նպաստում։ Մինչդեռ Միացյալ Նահանգները ներկայացնող խաղացողները անհատապես են զբաղվում։
Այս առումով թենիսի հետ նմանություն չկա։ Թենիսում ամերիկացիները միշտ էլ շատ լավ համագործակցել են միմյանց հետ ու լավ արդյունքներ են գրանցել թիմային մրցաշարերում, ինչպիսին է Դևիսի գավաթը։ Վերադառնալով սերիալին՝ փաստենք, որ վերջում Էլիզաբեթ Հարմոնը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն Վասիլի Բորգովի և հենց ամերիկացի շախմատիստների հավաքական ջանքերի շնորհիվ։ Ի վերջո նրանք հասկանում են, որ ուժեղներին հաղթելու համար պետք է աշխատել միասնաբար։
Անկախ ամեն ինչից թենիսն ու շախմատը առանձին մարզաձևեր են։ Այո՛, նրանք ունեն բազմաթիվ տեսանելի նմանություններ, սակայն ամեն մեկը յուրահատուկ է հենց իր ձևով։ Կարծում եմ՝ շատերիդ մտքով այս ընթացքում անցավ այս մարզաձևերի գլխավոր տարբերությունը։ Ոչ-ոքի․․․Այո՛, շախմատում ոչ-ոքի կա, իսկ թենիսում՝ ոչ։
«Թենիսը բարդ սպորտ է, այստեղ չկան ոչ-ոքիներ, բայց եթե լիներ գեթ մեկը, ես պատրաստ էի ընդունել ոչ-ոքին ու կիսել այս տիտղոսը Ռաֆայի հետ»։
Հենց այս տողերով սփոփեց Ռաֆա Նադալին Ռոջեր Ֆեդերերը Australian Open-ի եզրափակիչից հետո։ Թեպետ երբ հերթը հասնում է նման մեծ խաղերին մեծ մրցաշարերում, շախմատում ևս չեն լինում ոչ-ոքիներ․․․
Արամ Սահակյան