«Արարատ-Արմենիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Մաիլսոն Լիման, օրերս հայտարարեց երևանյան ակումբից հեռանալու և Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբբա Ալ-Հիսն» ակումբ տեղափոխվելու մասին. ասում է՝ երջանիկ է եղել «Արարատ-Արմենիայում» և չի բացառում, որ մի օր գուցե կվերադառնա.
«Երջանիկ էի «Արարատ-Արմենիայում»: Բանակցություններ էինք վարում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, բայց, ցավոք, չկարողացանք համաձայնության գալ, ու ես սկսեցի այլ մարտահրավերներ փնտրել և գտա»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է հոլանդացի ֆուտբոլիստը, ում հայկական թիմի երկրպագուները հասցրել էին շատ սիրել:
«Այնքան շատ հիշողություններ ունեմ կապված «Արարատ-Արմենիայի» հետ. երկու անգամ դարձանք Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ սուպերգավաթակիր, հիանալի խաղեր անցկացրինք Եվրոպայում, անձամբ ես ճանաչվեցի լիգայի լավագույն ֆուտբոլիստ, ու այսպես երկար կարող եմ շարունակել, բայց ամենակարևորն այն մարդիկ էին, որոնց ես հանդիպեցի այդտեղ՝ սկսած թիմակիցներիցս, վերջացրած ակումբի յուրաքանչյուր աշխատող, բժիշկներ, մերսողներ … հիանալի հիշողություններ ունեմ, ամեն օր ժպիտով էի գնում մարզման»,- ասում է Մաիլսոն Լիման:
Նրա խոսքով, Հայաստանում իրեն բոլորը շատ լավ են վերաբերվել ու ամեն ինչ արել են, որպեսզի ինքն ու իր կինն այստեղ իրենց հարմարավետ զգան.
«Շատ եմ սիրել Երևանն ու այդտեղ ապրող մարդկանց: Կարող եմ ասել, որ Երևանը մեր երկրորդ տունն է դարձել: Այս 2,5 տարիների ընթացքում հասցրել էի շատ ընկերներ ձեռք բերել Հայաստանում, շատերի կողմից էի սիրված ու նորից պետք է կրկնեմ՝ մտադրված էի մնալ»:
Իսկ թե ինչու մնալու հարցում համաձայնության գալ չստացվեց, Մաիլսոնը չի մանրամասնում: Հարցին՝ արդյոք ֆինանսական պահանջնե՞րն էին պատճառը, թե՞ գուցե նաև մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ կապված պատերազմի և դրա հետևանքների հետ, Լիման կարճ է պատասխանում. «Կարծում եմ՝ բոլորը միասին»:
Առհասարակ ասում է՝ պատերազմական շրջանն իր և իր ոչ հայ թիմակիցների համար նույնպես շատ ծանր է անցել.
«Դժվար օրեր էին, տեսնում էի, թե հայ թիմակիցներս ինչպես են տառապում, շատերի ընտանիքներում ու ընկերների շրջանում զոհեր եղան: Այնպես որ բոլորիս համար շատ դժվար էր: Սովորաբար մեր հանդերձարանում միշտ երաժշտություն էր միացված, բայց դադարեցինք այն միացնել, որովհետև հարգում էինք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին:
Երբեմն դժվար էր, քեզ ապահով ու անվտանգ չէիր զգում, լսում էինք՝ մարդիկ ասում են, որ ամեն ինչ Հայաստանի վերահսկողության տակ է, որ Հայաստանը հաղթում է, բայց պարզվեց՝ այդպես չէր, մենք էլ հայերեն չէինք կարողանում կարդալ ու հետևել նորություններին, այնպես որ ինձ ու կնոջս համար երբեմն իսկապես շատ դժվար էր»,- խոստովանում է 26-ամյա ֆուտբոլիստը:
Այդուհանդերձ, Մաիլսոնն ասում է՝ շատ կկարոտի Հայաստանն ու հայ երկրպագուներին.
«Կցանկանամ նախ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին այն հիանալի ժամանակի համար, որ ունեցել եմ այդտեղ: Իսկապես շատ կկարոտեմ նրանց: Հուսով եմ՝ մեր երկրպագուները հնարավորինս շուտ կկարողանան վերադառնալ մարզադաշտեր ու աջակցել մեր թիմին: Նրանց երբեք չեմ մոռանա, մի օր նորից կհանդիպենք: Ես իսկապես վայելել եմ «Արարատ-Արմենիայում», և առհասարակ Հայաստանում անցկացրած ամեն օրն ու չեմ բացառում, որ մի օր գուցե կվերադառնամ»:
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը չի մոռանա նաև այն օրը, երբ «Արարատ-Արմենիան» Երևանում հաղթեց «Դյուդելանժին».
«Իմ, թերևս, լավագույն հիշողությունը կապված է այդ օրվա հետ. տնային խաղում մեզ 14 հազար հայ երկրպագու էր աջակցում, ես դարձա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, ու երբ գոլ խփեցի, մարզադաշտը պարզապես պայթեց: Երբեք չեմ մոռանա այդ օրը»:
Ինչ վերաբերում է Լիմայի նոր ակումբին՝ ԱՄԷ-ի «Դիբբա Ալ-Հիսն» ակումբին, ապա վերջինս հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ ուժեղագույն լիգայում՝ 1-ին դիվիզիոնում: Ընթացիկ մրցաշրջանում Լիմայի նոր ակումբը դեռևս 8 խաղ է անցկացրել ու իր ակտիվում ունենալով 11 միավոր՝ մրցաշարային աղյուսակում կիսում է 5-6-րդ հորիզոնականները (1-ին դիվիզիոնի առաջնությանը 11 թիմ է մասնակցում): Բարձրագույն լիգայի ուղեգիր կնվաճեն 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը:
«Հնարավորություն ստացա խաղալ Էմիրատներում, ինչը շատ ֆուտբոլիստների ցանկությունն է: Կարծում եմ՝ ինձ համար սա լավ մարտահրավեր է … նոր երկիր, նոր առաջնություն, ակումբ և մշակույթ: Թիմն իր առջև բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու խնդիր է դրել, ու ես ցանկանում եմ օգնել այդ հարցում՝ շատ գոլեր խփելով ու գոլային փոխանցումներ կատարելով»,- եզրափակում է իր խոսքը հոլանդացի ֆուտբոլիստը:
Կաբո Վերդեի հավաքականի խաղացողը 2019 թվականի սկզբին էր համալրել «Արարատ-Արմենիայի» կազմը: Այս ընթացքում Լիման երևանյան թիմի կազմում ընդհանուր առմամբ 69 հանդիպման է մասնակցել և դարձել 20 գոլի հեղինակ: