Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության գարնանային հատվածից առաջ Վայոց Ձորը ներկայացնող «Նորավանքը» 19 միավորով 5-րդ տեղում է: Առաջնության նորեկի համար մրցաշրջանի սկզբնական հատվածն անհաջող դասավորվեց, սակայն հետզհետե Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կարողացավ կայուն խաղ ցուցադրել ու միավորներ վաստակել: ArmSport-ի հետ զրույցում թիմի գլխավորչ մարզիչն ամփոփել է առաջնության առաջին հատվածը, խոսել նախապատրաստական շրջանի, ակումբի վարած քաղաքականության և այլ թեմաների շուրջ:
-Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո «Նորավանքը» 5-րդ տեղում է: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի ելույթն առաջին հատվածում:
— Մինչև առաջնության մեկնարկը շատ մեծ դժվարություններ ունեցանք կապված կորոնավիրուսի հետ: Առաջին խմբի նախորդ մրցաշրջանը շուտ վերջացավ ու 2020/21 մրցաշրջանը շուտ սկսվեց: Ընդմիջումը կարճ էր նախապատրատության համար: Հնարավոր չէր այդ ընթացքում լավ սելեկցիոն աշխատանք կատարել:
Այլ խոչընդոտներ նույնպես կային: Երիտասարդ հայ ֆուտբոլիստների փոխհատուցման գներն այս տարի փոխվեցին, իսկ նորաստեղծ ակումբի համար դա խնդիր է, քանի որ չունենք դպրոց և պետք է ձեռք բերենք ամենաքիչը 15 հայ ֆուտբոլիստ, բայց քանի որ սահմանափակում ունենք, որ հայտացուցակում պետք է լինի 15 հոգի, որոնք վերջին 5 տարում մարզվել կամ խաղացել են Հայաստանում, այդ ամենը հաշվի առնելով շատ դժվար էր կարճ ժամանակահատվածում թիմը հավաքել: Հասկանում էինք, որ պիտի արտասահմանցի ֆուտբոլիստներ ունենանք, իրենց ժամանելուն էլ խանգարեցին կորորնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:
Այն ֆուտբոլիստները, որոնք պետք է միանային մեզ մրցաշրջանի մեկնարկից առաջ, միացան մեզ հոկտեմբերի սկզբին: Մի խոսքով, թիմն ուշ է կազմավորվել և թե՛ ֆունկցիոնալ վիճակը, թե՛ տակտիկատեխնիկական և հոգեբանական վիճակը պատշաճ չէր կարող լինել, որ մենք կազմ ու պատրաստ ներկայանայինք առաջնությանը: Ամեն դեպքում հենց առաջին տուրից սկսած թիմը գրեթե բոլոր խաղերում հնարավորություն է ունեցել հաղթելու: Այսինքն, հաշիվը չի համապատասխանել մեր ցուցադրված խաղին: Հստակ կարող եմ ասել, մրցավարական սխալներն են ազդել, բախտի գործոնն է եղել, բնականաբար նաև մենք ենք թերացել, որոնք վերլուծել ենք և կփորձենք այդպիսի սխալներ չանել: Առաջին հատվածը կբաժանեմ 2 մասի: Առաջնության առաջին հատվածի սկզբնամասը վատ դասավորվեց. առաջին 6 խաղում 3 միավոր ունեինք, բայց հետագայում ամեն ինչ շտկեցինք: Այսինքն համալրումներից հետո արդյունքներ ունեցանք: Առաջին մասից դժգոհ եմ, բայց երկրորդ կեսից՝ գոհ:
-Առաջնությունը կվերսկսվի մարտի սկզբին: Ինչպե՞ս է անցնում նախապատրաստական փուլը:
-Այս ընթացքում ավելի շատ կետային սելեկցիա ենք անում. հատուկ դիրքերի ենք անդրադառնալու ու շեշտը դնելու ենք հայ ֆուտբոլիստների վրա: Արդեն երկու նորեկ ունենք, որոնց մասին կհատարարենք առաջիկայում: Մենք պետք է անենք ավելին ու առաջնության երկրորդ հատվածում ավելի լավ պետք է խաղանք: Ամեն թիմ չի, որ կարողանում է հոգեբանական այդպիսի ծանր վիճակից դուրս գալ ու հաղթանակների հասնել: Մենք մոտ երկու ամիս խաղ չէինք հաղթել ու նույնիսկ գոլեր չէինք խփում, բայց հետզհետե ամեն ինչ կարգավորվեց:
-Ձեր թիմում հանդես է գալիս 8 արտասահմանցի ֆուտբոլիստ: Ի՞նչ քաղաքականություն ունի ակումբն այս առումով:
-Ամռանը մենք բանակցում էինք մի քանի հայ ֆուտբոլիստների հետ, որոնք նախընտրեցին գնալ Բարձրագույն խմբի թիմ ու լինել պահեստայինների նստարանին, որպեսզի տեղացի ֆուտբոլիստների լիմիտը լրացնեն, և չընտրեցին Առաջին խմբում խաղաժամակ ունենալու հնարավորությունը: Հիմա արդեն պատկեր է ստեղծվել, որ շատ հայ ֆուտբոլիստներ դուրս են մնում և այն ֆուտբոլիստները, ովքեր այն ժամանակ մեզ մերժում էին, հիմա իրենք են ցանկություն հայտնում, որ միանան մեզ, բայց մենք էլ չենք կարող բոլորին գրկաբաց ընդունել, սա ֆուտբոլ է և այստեղ ամենագլխավորը պրոֆեսիոնալիզմն է: Մտածելակերպի փոփոխություն է պետք: Ցանկացած ֆուտբոլիստ պիտի գնահատի իր հնարավորությունները և հասկանա՝ եթե ես գնում եմ Բարձրագույն խմբի թիմ, արդյո՞ք խաղաժամանակ կստանամ, թե ոչ: Իսկ դա գալիս է նրանից, որ Բարձրագույն խմբի թիմում պարտադիր պետք է 9 հայ ֆուտբոլիստ լինի հայտացուցակում: Այսինքն շատ ֆուտբոլիստներ մնում են առանց խաղաժամանակի: Մենք մեր առաջ երկարաժամկետ ծրագրեր ենք դրել, զարգացնել նաև հայ ֆուտբոլստներին: Հստակ պատկերացնում ենք , որ առանց լեգիոներների, հայ ֆուտբոլիստներն էլ չեն զարգանա: Մեր թիմում գերակշռում են ու գերակշռելու են հայ ֆուտբոլիստները:
Նախորդ տարի հայտարարել էիք, որ ակումբի սեփականատերերը վերանոգորում են Վայքի «Արևիկ» մարզադաշտը, որպեսզի թիմը տնային հանդիպումներն անցկացնի այդտեղ: Ի՞նչ փուլում է հիմա շինարարությունը:
-Մարզադաշտի վերանարոգորումը գրեթե ավարտված է: Բացի դա, մեր ակումբի սեփականատերերը 4 հարկանի շենք են կառուցում, որտեղ մնալու է թիմը: Խնդիրը նրանում է, որ սկզբից կորոնավիրուսը, հետո պատերազմը շատ խանգարեց գործընթացին ու դանդաղեցրեց ամեն ինչը: Աշխատանքները շարունակվում են, ու մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք տեղափոխվելու Վայք:
-Երեկ հայտնի դարձավ, որ «Նորավանքը» նույնպես դիմել է ՀՖՖ՝ Պրեմիեր լիգայի լիցենզավորման համար:
-Մենք պայքարելու ենք, որ ավելի բարձրանանք մրցաշարային աղյուսակում՝ մնացածը հետագան ցույց կտա: Մենք արդեն դիմել ենք լիցենզավորման համար: Մեզանից բացի ևս երկու թիմ կա Առաջին խմբից: Բնականաբար այս թիմերից որը լինի առաջատարը մրցաշարային աղյուսակում, ինքն ավելի մեծ հնարավորություն կունենա:
-Ե՞րբ ակումբը կունենա սեփական մարզադպրոցը:
-Ակումբի հիմնադիրների հետ հենց առաջին օրն ենք քննարկել, որ անպայման լինելու է մանկապատանեկան մարզադպրոց: Հասկանում ենք դժվարությունների մասին, քանի որ Վայոց Ձորում շատ դժվար է լինելու սկզբնական շրջանում, բայց ակումբի ղեկավարությանը հստակ տրամադրված է, որ պետք է հիմքերից զարգացնենք ֆուտբոլը, որ մի քանի տարի հետո մենք ունենանք մեր սեփական կադրերը: Ամեն ներդրող չի, որ կգա ու Հայաստանում, այն էլ մարզում մարզադաշտ ու շենք կառուցի: Մեր ծրագրերը շատ երկարաժամկետ են:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ