Սերխիո Ռամոսը «Ռեալի» լեգենդն է, ավագը, խորհրդանիշը։ Մադրիդյան թիմում անցկացրած 15 տարիների ընթացքում նա հասցրել է գնդակ գլորել Զիդանի, Բեքհեմի, Ֆիգուի ու Ռաուլի հետ, երկու անգամ գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում ու դառնալ ակումբի պատմության ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։
Թվում է, այս թվարկածներից հետո չպետք է խնդիր առաջանա նրա՝ Մադրիդում մնալու առնչությամբ, սակայն Ռամոսի ապագան «արքայական» ակումբում այս պահին կարելի է մշուշոտ անվանել։ Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը, ու կողմերը դեռևս համաձայնության չեն կարողանում հասնել նոր պայմանագրի շուրջ։
Ռամոս-Պերես․ բարդ հարաբերություններ
Առաջին հայացքից թվում է, որ Սերխիո Ռամոսն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պետք է որ տարաձայնություններ չունենան։ Ի՞նչ «սև կատու» կարող է անցած լինել մի ակումբի ավագի ու նախագահի միջև, որոնք միասին 3 տարի անընդմեջ հաղթել են Չեմպիոնների լիգայում։ Սակայն անգամ նման թիմերում չեն կարողանում մնալ առանց խնդիրների։
Ռամոսի ու Պերեսի տարաձայնությունների մեկնարկը 2015 թվականն էր։ Այդ ամառ ևս Ռամոսը պետք է երկարաձգեր պայմանագիրը «արքայական» ակումբի հետ։ Ավելի լավ պայմաններով պայմանագիր ստանալու համար Ռամոսը սկսեց «խեղդել» Պերեսին՝ ասելով, որ ավելի լավ առաջարկ ունի «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հիմա Ռամոսը անում է նույն բանը՝ ակումբի նախագահի ականջին հասցնելով այն միտքը, որ ՊՍԺ-ն սուպերնախագիծ է մշակել, որում գլխավոր դերերը տրված է իրեն ու Լիոնել Մեսսիին։
Ռամոսը 2015-ին հասավ իր նպատակին ու ստացավ այդ պահի համար լավագույն պայմանագիրը, սակայն որոշակի տարաձայնություններ այդ փուլում, իհարկե, եղան։
Դրանից հետո ամեն ինչ կարգին էր, քանի դեռ թիմից չհեռացավ Զիդանը, ու «Ռեալը» չտապալեց 2018/19 թվականների մրցաշրջանը։ Այն ժամանակ իսպանական մամուլը գրում էր, որ «Այաքսից» ՉԼ-ի 1/8-ում դուրս մնալուց հետո Պերեսն իջել է հանդերձարան ու մեղադրել թիմի ֆուտբոլիստներին խայտառակ արդյունքի համար։ Ակումբի նախագահին հակադարձել էր Ռամոսը՝ պաշտպանելով իր թիմակիցներին ու կոչ անելով չմեղադրել այն ֆուտբոլիստներին, ովքեր երեք տարի անընդմեջ հաղթել են եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։
Ո՞րն է խնդիրը
Ռամոսը գործող պայմանագրով տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում։ Իսպանացի լեգենդը ցանկանում է նոր պայմանագրով ավելի շատ գումար վաստակել, սակայն ակումբը բախվում է ֆինանսական դժվարությունների կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։
Ռամոսն ուզում է բարելավված պայմանագիր, ակումբն ասում է, որ աշխատավարձի չափը պետք է կրճատվի 1,5 միլիոն եվրոյով։ Ռամոսն ու նրա եղբայրը՝ ֆուտբոլիստի գործակալ Ռենե Ռամոսը դեմ են նման գործելաոճին։ Նրանք չեն հասկանում, թե ինչպես կարող է ակումբի ամենակարևոր ֆուտբոլիստն ու առաջատարը երկարաձգի պայմանագիրը ավելի վատ պայմաններով։
Գլխավոր պարադոքսը
2019-ի ամռանը Ռամոսի համար «յուղոտ» առաջարկ եկավ Չինաստանից։ Իսպանական մամուլը սկսեց գրել այն մասին, որ իսպանացին պատրաստ է ընդունել առաջարկն ու փոխել մայրցամաքը միայն թե ստանա այն աշխատավարձը, որն ինքն է ուզում։ Այդ ժամանակ պտտվում էր մի տեսակետ, որի համաձայն՝ Ռամոսը ուներ ֆինանսական լուրջ խնդիրներ ու պատրաստ էր հեռանալ թիմից։
Ռամոսը ասուլիս հրավիրեց։ «Ռեալի» ավագը այդ օրը հայտնեց, որ ֆինանսական դժվարություններ չկան ու նա խնդիր չունի ակումբի հետ։ Նա պատրաստ է մնալ «Ռեալում» ու անգամ անվճար խաղալ ու այստեղ ավարտել կարիերան։ Երկու տարվա մեջ Ռամոսի մոտ, կարծես, ինչ-որ բան է փոխվել։ Հիմա իսպանացին մեծ աշխատավարձ է ցանկանում ստանալ նոր պայմանագրով, ու պատահական չէ, որ իսպանական մամուլի պնդմամբ՝ կողմերի միջև գլխավոր դժվարության պատճառը տնտեսական հարցերն են։ Այսպես, 2 տարի առաջ «Ռեալում» անվճար խաղալու պատրաստակամություն հայտնած ֆուտբոլիստը հիմա վտանգում է թիմում մնալը ֆինանսական պատճառով։ Այստեղից հետևություն․ Ռամոսի 2019-ի հայտարարությունը կամ կեղծ էր, կամ էլ դրանում չափից շատ էր պաթոսը։
Կա՞ այլընտրանք
Հարցերի հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք «Ռեալը» ունի այլընտրանք Ռամոսի հեռանալու դեպքում։ «Արքայական» ակումբը նրա փոխարեն կարող է անվճար ձեռք բերել Դավիդ Ալաբային, որը անհրաժեշտության դեպքում կարող է խաղալ թե՛ պաշտպանության կենտրոնում, թե՛ ձախ եզրում։ Ալաբան «Ռեալից» տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ է ուզում։ Այո՛, դա մեկ միլիոնով ավել է Ռամոսի գործող պայմանագրում ձևակերպված գումարից, սակայն Ալաբան ավելի երիտասարդ է ու վնասվածք ստանալու հավանականությունը ավստրիացու մոտ ավելի քիչ է։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ սա այլընտրանք է զուտ խաղային առումով, ու չկա աշխարհում ֆուտբոլիստ, ով կարող է փոխարինել Ռամոսին «Ռեալում»։
Ի՞նչ է լինելու վերջում
«Ռեալում» շատ լավ են հասկանում, որ Ռամոսի հեռանալը մեծ հարված է լինելու թիմին թե՛ խաղային, թե՛ իմիջային տեսանկյունից։ Ռամոսն իսկապես թիմի լիդերն է, ու նրա խոսքը շատ մեծ արժեք ունի ինչպես դաշտում, այնպես էլ հանդերձարանում։ Մադրիդում պետք է գնան Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման ամեն գնով։ Ճիշտ է՝ հիմա նրանք հասել են մի կետի, որ Ռամոսը ազատ կարող է բանակցել այլ ակումբների հետ, բայց նրա հեռանալը իսկական հարված կլինի թիմի համար։ Մեկ այլ կարևոր նրբություն կայանում է նրանում, թե որտեղ Ռամոսը կարող է շարունակել կարիերան։ Տարբերակները շատ չեն․ «Պարի Սեն Ժերմեն» ու «Մանչեսթեր Սիթի»։ Այո՛, թերևս միայն այս ակումբները կարող են ներկա ֆինանսական բարդությունների շրջանում Ռամոսին տալ այն պայմանագիրը, որը նա ուզում է։
Ռամոսի հեռանալը կնշանակի, որ «Մադրիդը» այլևս ի զորու չէ ժամանակակից ֆուտբոլում մրցակցել շեյխերի հետ ֆինանսական հարցերում, ինչը մեծ պարտություն կլինի «արքայական» ակումբի ու անձամբ Ֆլորենտինո Պերեսի համար։
Այնպես որ Պերեսին ու Ռամոսին ոչինչ չի մնում, քան վայր դնել տարաձայնություններն ու ոսկե միջինով համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ։ Այդպես կհաղթի թե՛ ֆուտբոլը, թե՛ Ռամոսը, թե՛ «Ռեալը»․․․
Արամ Սահակյան