32-ամյա պաշտպան Ալեքսեյ Ռիբինը հեռացել է «Տամբովից» ու տեղափոխվել «Կուբան»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանի և Ալեքսանդր Կարապետյանի արդեն նախկին թիմակիցը «Տամբովի» պաշտոնական կայքի հետ զրույցում կարծիք է հայտնել ակումբում իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ.
«Ցավում եմ, որ հեռանում եմ Պրեմիեր-լիգայից և այն ակումբից, որի հետ անցկացրել եմ կյանքիս շատ կարևոր հատվածը, բայց ես պետք է մտածեմ ընտանիքիս մասին, որն ունի իմ ֆինանսական կայունության կարիքը: Ես հասկացա, որ ավելի լավ են կոնկրետ նպատակներն ու խնդիրները «Կուբանի» հետ, քան մշուշոտ հեռանկարները «Տամբովի» հետ: «Կուբանում» կարիք չկա գնալ նահանգապետի մոտ և խնդրել վերակառուցել մարզադաշտը, որպեսզի մենք խաղանք տանը:
Ես չէի մտածում տեղափոխության մասին և նոր տարբերակներ չէի փնտրում, քանի որ «Տամբովում» մեզ խոստացել էին կայունություն և բոլոր պարտքերի մարում: Բայց ամեն ինչ չընթացավ ըստ նախատեսածի:
Կարծում եմ՝ Պրեմիեր-լիգայում հանդես եկող ակումբ քաղաքում հաստատ չի լինի: Երկու տարբերակ է մնում՝ եթե թիմը հիմա դուրս մնա, արդյոք կլինի՞ ֆինանսավորում: Եվ եթե այո, ապա ի՞նչ չափով: Բարձր տեղերի խնդիր հիմա հաստատ տևական ժամանակ չի դրվի, այլապես ամեն ինչ կընթանա նույն սցենարով՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Բայց երկրպագուներին առանց ֆուտբոլի էլ չի կարելի թողնել. դա ևս մարդկային չէ: Նրանք դրան արժանի չեն: Ավելին, քաղաքում նաև ակադեմիա կա. ո՞ւմ պետք է փորձեն նմանվել պատանի տղաները, եթե աչքերի առաջ արժանի օրինակներ չլինեն»,- Ռիբինի խոսքերն է փոխանցում «Տամբովի» պաշտոնական կայքը:
Նշենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Տամբովը» մարել է ֆուտբոլիստների աշխատավարձերի մի մասը: Մինչ այդ խոսակցություններ կային, որ թիմը կարող է չշարունակել ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք՝ «Տամբովն» այս պահին ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 19 խաղից հետո վաստակած 13 միավորով: