Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել La Repubblica պարբերականին՝ խոսելով նաև արցախա-ադրբեջանական պատերազմի մասին:
-Մխիթարյա՛ն, ֆուտբոլի հետ կապված ձեր ամենավաղ հիշողությունը ո՞րն է:
-Այն կապված է հորս՝ Համլետի հետ: Նա հարձակվող էր, գնացել էր Ֆրանսիայում խաղալու ու այնտեղ էլ ես սկսեցի հետևել խաղերին: Նա մահացավ, երբ ես 7 տարեկան էի: Երբ նա հիվանդացավ, վերադարձանք Երևան ու այնտեղ ես սկսեցի ֆուտբոլային դպրոց հաճախել:
-Նրա համա՞ր սկսեցիք խաղալ:
-Այո՛, նա իմ ընտրության շարժիչ ուժն էր, իմ իդեալը և պատճառը, որ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ:
-Քաղաքական պատճառներով դուք չկարողացաք մասնակցել 2019-ին Բաքվում կայացած Եվրոպա Լիգայի եզրափակչին. որպես հայ ապահով չէիք լինի:
-ՈՒԵՖԱ-ն պիտի երաշխավորի բոլոր խաղացողների անվտանգությունը: Եվրոպական եզրափակիչը կյանքում մեկ անգամ տեղի ունեցող հնարավորություններից է, երբեմն միակը, որը տեղի է ունենում քեզ հետ: Եվ անվտանգության նկատառումներից ելնելով այն բաց թողնելը՝ իսկապես ցավալի էր, այնպես, ինչպես ցավալի է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը: Յուրաքանչյուր երկրում անվտանգ խաղալը յուրաքանչյուր խաղացողի իրավունքն է, հատկապես, երբ նրանք հյուրընկալում են եվրոպական եզրափակիչ:
-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է ձեր ծնվելուց մեկ տարի առաջ. ի՞նչ կշիռ է այն ունեցել ձեր ձևավորման հարցում:
-Շատերը չեն հասկանա, որովհետև քչերն են հայտնվել նման իրավիճակներում: Երեխա ժամանակ շատ բան չէի հասկանում, բայց հետո սովորեցի, նույնիսկ դպրոցում, և ցավալի բաներ տեսա: Անհավատալի է, որ 21-րդ դարում նման բաներ են տեղի ունենում: Պատերազմը ձգվում է 30 տարի: Ցավալի է մտածել, որ Ադրբեջանում գերիներ են պահվում, որոնք տարիներ շարունակ գողացվել են իրենց ընտանիքներից:
-Ֆուտբոլային աշխարհից ավելի՞ մեծ աջակցություն էիք սպասում:
-Երբ հակամարտությունը սկսվեց, ինձ խնդրեցին համոզել խաղացողներին, որ արտահայտվեն ի աջակցություն Հայաստանի: Բայց ես դեմ եմ խնդրել այն մարդկանց, որոնք չգիտեն այն երկրի պատմությունը, որին պիտի աջակցեն: Ես արեցի դա, բայց միայն խաղաղության կոչով, ոչինչ ավելին:
-Ի՞նչը համոզեց ձեզ:
-Կարևոր էր, որ աշխարհն արթնանար, ինչ-որ մեկը լսելի դարձներ իր ձայնը: Շատերը նախընտրեցին չներգրավվել դրա մեջ: Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար, ինչպես նաև Մատեո Սալվինիին, նույնիսկ եթե իմը քաղաքական նախապատվություն չէ: Եվ շնորհակալ եմ նրանց, ովքեր ճանաչեցին Արցախի անկախությունը:
-Մի քանի օրում «Ռոման» իր ակումբներին տեղեկացրեց, որ իրենց ցանցը հասանելի դարձնեն հայ ժողովրդին օգնելու համար:
-Այո՛, դա ֆանտաստիկ է և ֆանտաստիկ նախաձեռնություն էր: Նրանք գիտակցել են մարդկանց տառապանքների չափն ու վճռել իրենց ներդրումն ունենալ: Երբեք չեմ դադարի նրանց երախտապարտ լինել:
-Այսպիսով, ձեզ հաջողվեց համատեղել ֆուտբոլն ու ուսումը:
-Դժվար էր. երբեմն մարզումն առավոտյան էր ու ես պիտի ընտրություն կատարեի դրա ու դպրոց գնալու միջև: Ծնողներս ուզում էին, որ ես շատ սովորեմ. քանի՞սն են կարծում, որ իրենք ֆուտբոլիստ կդառնան: Բայց վնասվածքը բավական է, ու եթե չես սովորել, ոչինչ չես կարող անել:
-Փոքր ժամանակ երկրպագո՞ւմ էիք որևէ թիմի:
-Շատ թիմերի մարզաշապիկներ ունեի, բայց երբեք երկրպագու չեմ եղել: Միայն երբ 10-12 տարեկան էի, սկսեցի երկրպագել «Արսենալին». Վենգերը թիմ ուներ, որ տղաների էին ընդունում, երազում էի այնտեղ խաղալ: Ի վերջո, ես արեցի դա:
-Ի՞նչ մտածեցի՞ք, երբ ասացին «գնա «Ռոմա»»:
-Շանս էր՝ ապացուցելու, որ դեռ կարող եմ առաջվա պես լավ խաղալ: «Ռոման» հավատաց ինձ, իմ խաղից տեսնում եք, որ ես այստեղ երջանիկ եմ, այնպես չէ՞:
-Այսպիսով, կերկարաձգե՞ք պայմանագիրը:
— Հիմա չկա ժամանակ դրա մասին խոսելու համար, մի քանի օր առաջ մրցում էինք «Ինտերի» դեմ, հիմաէ «Լացիոյի»։ Բայց շուտով կխոսենք այդ մասին:
-Գիտեք, որ երբ տեղափոխվեցիք, երկրպագուները ձեզ համար երգ էին ձայնագրել:
-Այո՛ (ծիծաղում է), ամեն օր այն լսում եմ այստեղ:
-Ինչպե՞ս էիք պատկերացնում Ա Սերիան:
-Կարծում եմ՝ այն գնահատված չէ ինչպես հարկն է: Անգլիայում ասում էին, որ մակարդակը շատ է ընկել, բայց առաջնության մասին միայն այն դիտողների քանակով չեն դատում. ես դաշտի բարձր որակը անմիջապես նկատեցի…