2020 թվականը Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի համար, գերմանական ակումբի բնորոշմամբ, քամբեքների տարի էր: Փետրվարին Ադամյանը կոճի վնասվածք ստացավ ու ստիպված եղավ մի քանի ամիս բաց թողնել: Իր վերադարձից կարճ ժամանակ անց՝ նոեմբերին, Սարգիսն արդեն կորոնավիրուսի պատճառով դուրս մնաց շարքից: Այդուհանդերձ 27-ամյա հայ ֆուտբոլիստը հաղթահարում է նաև այդ փորձությունն ու «Հոֆենհայմի» մամուլի քարուղարության հետ զրույցում ամփոփել է նախորդ տարին, խոսել ապաքինման ընթացքի և մի շարք այլ թեմաների մասին:
-Սարգիս, քեզ համար ևս բարդ տարի էր: Նոյեմբերին նաև վարակվեցիր կորոնավիրուսով,երբ միացել էիր Հայաստանի հավաքականին: Ինչպե՞ս ես և ինչպե՞ս հաղթահարեցիր հիվանդությունը:
-Ես նորից առողջ եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Հատկապես սկզբում ես շատ հոգնած էի: Բայց դրանից հետո պարզապես թեթև հազ ունեի ու ոչ մի այլ լուրջ խնդիր: Կարանտինիի ընթացքում տանը կարողանում էի նաև որոշ վարժություններ անել, մարզվել ու պատրաստել ինձ՝ տարվա երկրորդ քամբեքին:
-Նշեցիր, որ 2020 թվականի փետրվարին ստացած կոճի ծանր վնասվածքից հետո նոր-նոր էիր վերադարձել և արդեն հունի մեջ էիր ընկել՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Covid-ի պատճաով շարքից դուրս մնալուն ինչպե՞ս վերաբերվեցիր:
-Իսկապես շատ ցավալի էր, քանի որ ես նորից լավ մարզավիճակ էի հավաքել: Բայց ինքս ինձ քաջալերում էի, քանի որ գիտեի, որ այս տարի մեկ անգամ արդեն կարողացել էի վերադառնալ ծանր վնասվածքից հետո: Այդ իսկ պատճառով ես վստահ էի, որ երկշաբաթյա ինքնամեկուսացումն ինձ համար լուրջ խնդիր չի լինի: Ես հավատում էի ինձ ու միայն մտածում էի հնարավորինս արագ դաշտ վերադառնալու և իմ թիմին օգնելու մասին:
-Վնասվածքը երբեք լավ ժամանակ չի գալիս: Փետրվարին շա՞տ նյարդայնացնող էր այն, որ ստիպված պետք է երկար ժամանակ բաց թողնես:
-Այո: Ես իսկապես լավ մարզավիճակում էի ու Բունդեսլիգայում իմ առաջին մրցաշրջանում թիմի կարևոր մասն էի կազմում, բայց կարծում եմ այս ամենը ֆուտբոլի մի մասն է: Ես իսկապես քրտնաջան աշխատեցի և վերադարձա: Ինձ համար դա նաև կարևոր փորձ էր, որն ինձ շատ ավելի ուժեղ դարձրեց:
-Քո քամբեքից հետո դու նորամուտդ նշեցիր Եվրոպա լիգայում և քո առաջին երկու գոլերը հեղինակեցիր եվրոպական մրցաշարում: Առանձնահատո՞ւկ էին զգացողություններդ:
-Որպես հարձակվող դու ուրախանում ես քո ամեն գոլի համար, բայց ինձ համար դա առանձնակի հաճելի էր: Դրանք իմ առաջին երկու գոլերն էին երկարատև վնասվածքից հետո, ինչպես նաև առաջինն էին Եվրոպա լիգայում: Ցանկանում եմ հայտնվել այնտեղ, որտեղ գտնվում էի նախքան իմ վնասվածքն ու վիրուսը: Հիմա գիտեմ, որ կարող եմ խաղալ ու գոլ խփել այդ մակարդակում, ինչն ինձ շատ է օգնում, հատկապես բարդ ժամանակներում:
-3,5 տարի առաջ դու խաղում էիր Ռեգիոնալ լիգայում, իսկ հիմա մենք քեզ հետ զրուցում ենք Եվրոպա լիգայում քո առաջին գոլերի մասին: Այդ ժամանակ կարո՞ղ էիր պատկերացնել, թե կարիերադ ինչպես կզարգանա:
-Ոչ: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, և հանկարծակի ես գոլեր խփեցի «Բավարիային» և խաղացի միջազգային մրցաշարերում: Բայց այդ ամենի մասին կարողացա մտածել վերականգնվելուս ժամանակ: Դա իսկապես անհավատալի է: Շատ հպարտ եմ:
-Դու Ռեգիոնալ լիգայից տեղափոխվեցիր երկրորդ Բունդեսլիգա, իսկ երկու տարի անց՝ Բունդեսլիգա: Ո՞ր ցատկն էր ավելի մեծ:
-Կարծում եմ՝ Ռեգիոնալ լիգայի և երկրորդ Բունդեսլիգայի միջև տարբերությունը փոքր-ինչ ավելի շատ է: Դրանից առաջ ամեն ինչ կարծես սիրողական մակարդակի վրա էր, և հանկարծակի դարձավ պրոֆեսիոնալ: Սկզբնական շրջանում պետք է սովորեի այդ ամենին: Այդուհանդերձ, ես անհրաժեշտ խաղաժամանակ ստացա «Ռեգենսբուրգում» և դրանից հետո ամեն ինչ ստացվեց: Նույնը նաև «Հոֆենհայմի» դեպքում էր, երբ երկրորդ լիգայից տեղափոխվեցի Բունդեսլիգա: Կարող եմ ասել, որ երկու քայլերն էլ բարդ էին, բայց անկասկած՝ ճիշտ:
-Բունդեսլիգայում առաջին անգամ մեկնարկային կազմում ընդգրկվելով՝ դու երկու գոլ խփեցիր Մյունխենի «Բավարիայի» դարպասը 2019-ի հոկտեմբերին: Ի՞նչ զգացողություններ ունեիր:
-Դա մինչև հիմա կարիերայիս ամենակարևոր խաղն է: Մեկնարկային կազմում նորամուտս ու երկու գոլն այն թիմի դարպասը, որը հետագայում պետք է թրեբլ ձևակերպեր, իդեալական պատկեր էր: Եվ ի դեպ ես վրիպում էի գոլային ավելի հեշտ դրվագներում: Սրանք հիանալի հիշողություններ են, որոնք երբեք չեմ մոռանա: Այդ խաղը միշտ որպես առանձնահատուկ պահ կմնա իմ կարիերայում:
-Որպես պարգևատրում քո ելույթների՝ ակումբը երկարաձգեց քեզ հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը: Հաջորդ մի քանի տարվա համար ի՞նչ ես ցանկանում նվաճել «Հոֆենհայմի» հետ:
-Նախևառաջ, ես շատ շնորհակալ եմ «Հոֆենհայմին» ինձ հետ պայմանագիր կնքելու համար: Ամեն օր չես տեսնի, որ Բունդեսլիգայի թոփ ակումբը ձեռք է բերում երկրորդ լիգայի հարձակվողին: Այն, որ հիմա իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, երջանկացնում է ինձ:Ցանկանում եմ հնարավորինս շատ հաջողություն ունենալ թիմի հետ հաջորդ տարիներին: Բունդեսլիգայում դեռևս այնքան հաջողակն չենք եղել, որքան սպասում էինք, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք ճիշտ ուղու վրա ենք ու նախքան մրցաշրջանի ավարտը դեռ շատ կարևոր ու հետաքրքիր խաղեր ունենք անցկացնելու: