2020-ը հայկական ու համաշխարհային սպորտի համար ամենաճգնաժամային տարիներից էր։ Եթե համաշխարհային սպորտը քննություն հանձնեց միայն «Համաճարակի» պայմաններում, ապա մեզ մոտ համաճարակին միացավ նաև պատերազմը։ Մեր առաջատար բազմաթիվ մարզիկներ միացան ռազմաճակատում կռվող զինվորներին, իսկ նրանցից ոմանք մարտիրոսվեցին՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանության գործին։
Armsport-ը Հայաստանի Հանրապետության այս ծանրագույն տարվա ամբողջ ընթացքում եղել է սպորտի ու մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին, լուսաբանել անգամ սահմանափակ պայմաններում տեղի ունեցող մարզական քիչ թե շատ նշանակալից ամեն միջոցառում։
Մեր տեսախցիկի թիրախում է եղել կանանց ֆուտբոլը՝ սկսած հավաքականի ելույթից, վերջացրած Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության մեկնարկով։ Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայի բազմաթիվ խաղերի ընթացքին մենք ևս հետևել ենք ու արդյունքներից զատ, մարզասեր հանրության դատին ներկայացրել նաև լավագույն պահերի լուսանկարները։ Լուսաբանվել են մամուլի ասուլիսներն ու պատկան մարմինների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումները։
Ըմբշամարտի առաջնությունից մինչև բռնցքամարտի հավաքականի մարզական հավաքը։ Armsport-ը հատկապես հետևել է հայրենի ֆուտբոլի առաջնության ընթացքին։ Կորոնավիրուսի պայմաններում, ֆուտբոլը եղել է հենց այն մարզաձևը, որը նախ ամենաառաջիններից մեկը վերսկսեց իր ընթացքը, ապա և պարգևեց ուրախության այն քիչ պահերից մեկը, որը կարելի է վերհիշել անցնող տարվա ընթացքում։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Ֆուտզալի հավաքականի նվաճումները, թերևս այն բացառիկ կետերից են, որոնք գոնե մի քանի վայրկյանով մարզասեր հայ մարդուն պոկել են առօրյա աշխարհաքաղաքական, ներքաղաքական, սոցիալտնտեսական խնդիրներից ու ուրախանալու առիթներ պարգևել։
Armsport-ն այս ֆոտոշարքով ամփոփում է մարզական տարին՝ մաղթելով, որ գալիք տարում հայկական սպորտը հաղթահարի մեր երկրում հետպատերազմյան բոլոր դժվարությունները և որ ամենակարևորն է՝ կայուն զարգացման փուլ մտնի խաղաղ երկնքի տակ։
Գևորգ Ղազարյան