«Մենք խնդիր չենք տեսնում և պահպանում ենք բոլոր կառույցների հետ հարաբերությունները՝ թե ընկերական մակարդակով, թե՛ պետական»,- հայտարարել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե օլիմպիական տարում ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը և ինչպե՞ս է տեսնում համագործակցությունը ՀԱՕԿ-ի հետ։
«Այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, սպասեք և մի քանի օրից կխոսենք։ Ժամանակ դեռ ունենք։ Մի անհանգստացեք։ Ծրագիրը կկազմենք, ժամանակ կա։ Աստված տա, մեր ազգի խնդիրը լինի դա։ Ինչի՞ մասին եք խոսում դուք։ Չի կարելի կտրվել իրականությունից։ Կհասցնենք, մի անհանգստացեք ու փառքով կմասնակցենք Օլիմպիական խաղերին»,-վրդովված նշեց նախարարը։
Հարցին, թե ինչ ծրագրեր կան օլիմպիական տարում Դումանյանը պատասխանեց․
«Հիմա սկզբից գանք։ Ես ԿԳՄՍ նախախարն եմ։ Ուրեմն ես պնդում եմ, որ աշխարհի վրա չկա մեկը, որ համ կրթությունը, համ գիտությունը, համ մշակույթը, համ սպորտը պրոֆեսիոնալ մակարդակի վրա զգացած լինի։ Կրթությունը զգացել եմ պրոֆեսիոնալ մակարդակից ու անցել եմ։ Գիտությունը՝ նույնպես։ Մշակույթը՝ որպես քաղաքացի։ Սպորտն էլ՝ որպես հայ, որ միշտ երկրպագել է իր երկրի սպորտը։ Հիմա դուք հարցնում եք, ի՞նչ ծրագիր ունի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ։ Հիմա մենք փոխնախարար էլ չունենք։ Ձեր տված նուրբ հարցը, նախարարից պետք չէ ակնկալել, որ նախարարը պիտի պատասխանի այս հարցին։ Հիմա ես Ձեզ հարց տամ՝ իսկ ՀԱՕԿ-ը պատրաստվո՞ւմ է սերտ համագործակցել նախարարության հետ։ Զուտ քաղաքացիական դիրքորոշում է։ Ես պրոֆեսիոնալ չեմ սպորտում։ Մենք բոլորի հետ պատրաստ ենք ամենաակտիվ ձևով համագործակցել, բայց չմոռնանաք առաջնահերթությունները և ով ինչի համար է պատասխանատու։ Մոտեցումը համակարգային է։ Հիմա մենք սպասում ենք ՀԱՕԿ-ի ակտիվ գործողություններին, ոպեսզի օլիմպիական տարին տանենք փառքով և մեծ հաղթանակներ գրանցենք»,-եզրափակեց նախարարը։
ԿԳՄՍ նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանը 2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած մարզիկներին պարգևատրելուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում նախարարությունը դրամական պարգևներ տալ ըմբշամարտի Աշխարհի Գավաթի խաղարկությունում մեդալակիր հայ մարզիկներին՝ նախարարը նշեց, որ օրենքով պետական պարգևատրում է հասնում միայն աշխարհի և Եվրոպայի առաջնությունում նվաճումների հասած մարզիկներին։