Ֆուտբոլային հանդիպումներ դիտելիս շատերն են դժգոհում, որ այս խաղը չափից դուրս «փափուկ» է դարձել: Մեկ աննշան հպում, իսկ մրցակիցդ արդեն խոտածածկին է:
Նման մարդկանց կոչ եմ անում, մեզ հետ տեղափոխվել 16-րդ դար ՝ Ֆլորենցիա, որտեղ տեղի էին ունենում մերօրյա ֆուտբոլի «նախապապի» ՝ Calcio Fiorentino-ի հանդիպումները:
Այն ռեգբիի և ֆուտբոլի խառնուրդ է, որտեղ մարզիկները գնդակը խաղարկում են ձեռքով և փորձում այն ուղարկել մրցակցի դարպասը:
Ի՞նչ է Calcio Fiorentino-ն
Խաղի մասնակիցների քանակը չպետք է գերազանցի 27-ը: Նրանք բաժանվում են ըստ խաղային դիրքերի ՝ հարձակվողներ (15 հոգի), պաշտպաններ և կիսապաշտպաններ (5 հոգի): Հանդիպման տևողությունը 50 րոպե է, որի ընթացքում թիմերը դաժան պայքար են մղում հաղթանակի համար:
Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ այստեղ, գլխավոր նպատակը մրցակցի դարպասը գրավելն է:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել «գրավել» բառի վրա, քանի որ Calcio Fiorentino-ում նուրբ գրոհների չեք հանդիպի:
Մեր օրերում մրցումները մշտապես անցկացվում են հունիսին, որին մասնակցում են 4 թիմեր ՝ Ֆլորենցիայի պատմական թաղամասերից: Եզրափակիչ հանդիպումը կայանում է հունիսի 24-ին ՝ Հովհաննես Մկրտչի անվան տոնի օրը:
Հանդիպումներին մասնակցում են ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր խաղերին մասնակցելու համար գումար չեն վաստակում:
Այս մարզաձևում կարելի է բռունցքով հարվածել մրցակցին, քաշել նրա մազերից և նույնիսկ աքացի տալ (միայն չի կարելի հարվածել գոտկատեղից ներքև):
Երբ հնչում է մրցավարի սուլիչը ՝ սկսվում է արյունահեղությունը:
Թիմերը գնդակը պետք է ուղարկեն դաշտի անկյունում տեղադրված ցանցը: Յուրաքանչյուր հաջողված փորձից հետո, կողմերը փոխվում են խաղադաշտերով:
Ստադիոնում ներկա բժիշկները զբաղվում են վնասվածք ստացած խաղացողների առողջական վիճակով:
Նրանք ամեն գնով պետք է ոտքի կանգնեցնեն մարզիկին, քանի որ Calcio Fiorentino-ում փոփոխություններ չեն թույլատրվում:
Նշենք, որ եզրափակչին նախորդում է տոնական շքերթը, որի մանակիցները ցուցադրում են 16-րդ դարի հագուստները և պարերը:
Եթե չէիք լսել այս մարզաձևի մասին, ապա ուշադրություն դարձրեք այս «արյունոտ տղաների» պայքարին:
Նարեկ Գրիգորյան