Հայ դահուկորդների համար տարին կավարտվի Հայաստանի պատանեկան և երիտասարդական Հայաստանի առաջնություններով, որը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից: Այս մասին ArmSport-ին տված հարցազրույցում նշեց դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Մինչև այդ մեծահասակները պետք է մասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին, որը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 5-9-ը, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով.
«Մենք որոշակի առումով խուսափեցինք կորոնավիրուսից և մեր ներքին ծրագրերը մեծամասամբ կարողացանք իրականացնել, բայց ցավոք մեզ համար մեծ հարված էր նոյեմբերի 27-29-ը կայացած Աշխարհի գավաթին չմասնակցելը, քանի որ ամբողջ տարին մեծ ծավալի աշխատանք կատարելով, մեծ դժվարությամբ կարողացանք թիմին ուղարկել ռուսական Խանտի-Մանսիյսկ՝ ուսումնամարզական հավաքի: Դեպի Ֆինլանդիա վիզաների հարցը շատ դժվարությամբ լուծվեց: Թղթաբանությունն ուղղակի ահավոր էր: Մարզիկներին մի կերպ կարողացանք տեղափոխել Խանտի-Մանսիյսկ, հետո Մոսկվայում մի քանի օր մնալուց հետո միայն հաջողվեց ուղարկել Ֆինլանդիա և ուշացան Աշխարհի Գավաթից: Այնուհետև պետք է կայանար վարկանիշային մրցաշար, սակայն դա էլ հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով և կկայանա դեկտեմբերի 20-ին: Նման որոշում կայացվեց մրցումներից ընդամենը երկու օր առաջ»,-ասում է Սարգսյանը:
Այս անգամ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար նոր համակարգ է գործում, որը Սարգսյանի խոսքով՝ ավելի բարդ է, սակայն մեզ համար ռեալ է 3-4 ուղեգիր նվաճելը:
«Խնդիրն այն է, որ մենք գնում ենք վերջին վարկանիշային մրցաշարերի սեզոն: Իհարկե հաջորդ տարի նույնպես կան մրցումներ, բայց ինչքան պակասում են մրցաշարերը, այդքան բարդ է դառնում վարկանիշներ ձեռք բերելը: Հիմա նոր համակարգ է գործում վարկանիշի համար, և պայմաններից գլխավորն այն է, որ անպայման պետք է մասնակցել Աշխարհի Գավաթի խաղարկությանը: Վարկանիշային վերջնական աղյուսակը հրապարակվում է հունվարի վերջին: Այսինքն մինչև դա տարբեր վարկանիշավորման մեխանիզմներով մարզիկները հավաքում են միավորներ: Դահուկավազքից առավելոագույնը 3 ուղեգիր ենք ակնկալում և մեկ վարկանիշ լեռնադահուկային սպորտում: Շատ բան կախված է լիդերից: Այսինքն, եթե լիդերը իր վարկանիշը բավարարում է, արդեն ավելի մեծ շանսեր ենք ունենում, քանի որ իր ռեյտինգից շատ բան է կախված»,-նշում է Սարգսյանը:
Անցնող տարում հնարավոր եղավ ներքին առաջնություններն անցկացնել նախատեսվածի պես, սակայն մի շարք միջազգային վարկանիշային մրցաշարեր հետաձգվեցին, և դեռ հայտնի չէ, թե երբ կանցկացվեն, իսկ գալիք տարում խիտ գրաֆիկ է լինելու դահուկային սպորտի ներկայացուցիչների համար: Հենց տարեսկզբից դահուկորդները կսկսեն մասնակցությունը տարբեր մրցաշարերի:
«Լեռնադահուկորդների համար նախատեսում ենք հունվարի 6-ից մոտ մեկ ամիս Իտալիայում անցկացնել ուսումնամարզական հավաքներ, որից հետո կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի, այնուհետև տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, Աշխարհի Գավաթի հերթական փուլը և մի շարք վարկանիշային մրցաշարեր: Գալիք տարին շատ հագեցած է լինելու մեզ համար և փորձելու ենք հնարավորինս բոլոր մրցաշարերին մասնակցել»-նկատում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Գագիկ Սարգսյանը նաև նշում է, որ լեռնադահուկային սպորտում հավաքական թիմի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը, ով շատ լավ աշխատանք է տանում:
Ֆեդերացիայի ներկայացուցչի խոսքով մարզաձևը տարեց տարի ավելի մասսայական է դառնում. «Դահուկային սպորտը զարգանում ու մասսայականություն է վայելում թե՛ ներսում և թե՛ տուրիզմի առումով: Երևանում ծրագիր ենք սկսել և անվադահուկային 2 մարզում ենք անցկացրել: Ցավոք, մարզիչը վարակվեց կորոնավիրուսով, և սպասում ենք ապաքինվի: Նման միջոցառումները շարունակական են: Նախատեսում ենք Ֆանտան գյուղում շաբաթ-կիրակի անցկացնել անվճար ուսուցում: Տրանսպորտի հարցը կլուծենք: Ֆեդերացիան է հոգում ամբողջ ծախսը, օժանդակություն ունենք նաև միջազգային ֆեդերացիայից: Նման միջոցառումները նպաստում են մարզաձևի մասսայականացմանը: Երեխան փոքր տարիքից կապվում է ձյան և դահուկների հետ: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, թե Հայաստանում քանի հոգի է զբաղվում պրոֆեսիոնալ դահուկային սպորտով, բայց գալիք տարում մոնիտորինգ ենք անելու և հստակ պատկերացում կունենանք»,-եզրափակում է Սարգսյանը: