Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում հայտնի դարձան, թե որ թիմերն են պայքարը շարունակելու B խմբից։
«Ռեալին» փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար հաղթանակ էր պետք «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում։ «Արքայական» ակումբը 9-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ 32-րդ րոպեին Բենզեման դուբլ գրանցեց։
Երկրորդ կեսում Զինեդին Զիդանի թիմը բազմաթիվ գոլային պահեր ունեցավ, սակայն հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ։ «Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու զբաղեցնելով խմբում առաջին տեղը՝ նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Խմբի մյուս խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Շախտյորին»։ Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։ «Բորուսիա» Մյունխենգլադբախը ևս նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր՝ երկրորդ տեղով դուրս գալով խմբից։