Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի երկրորդ խաղային օրը մի շարք հետաքրքիր դիմակայություններ է խոստանում:
B և D խմբերում շատ հարցեր դեռ չեն ստացել իրենց պատասխանները:
Armsport-ը ձեր դատին է հանձնում խմբային փուլի վերջին տուրի համառոտ անոնսն ու խմբերի մրցաշարային աղյուսակները:
A խումբ
«Բավարիա»-«Լոկոմոտիվ»
«Զալցբուրգ»-«Աթլետիկո»
Մյունխենյան ակումբն իր բոլոր խնդիրները լուծել է և այս հանդիպմանը մոտենում է շատ բարձր տրամադրությամբ: ՉԼ-ի ներկայիս չեմպիոնները կարող են մի շարք փորձարկումներ իրենց թույլ տալ:
Իսկ ահա ռուսական ակումբը ստիպված է խաղալ միմիայն հաղթանակի համար և ուշադիր հետևել զուգահեռ ընթացող հանդիպմանը, քանի որ դրա արդյունքից է կախված «Լոկոմոտիվի» Եվրոպա լիգայում հայտնվելը:
«Զալցբուրգը» և «Աթլետիկոն» թեժ պայքար կմղեն փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի համար:
Չնայած այն հանգամանքին, որ Դիեգո Սիմեոնեի թիմը Լա լիգայում առաջին հորիզոնականում է, բայց Չեմպիոնների լիգայում «հնդկացիների» գործերն այդքան էլ հաջող չեն դասավորվում:
Բացի այդ, ավստրիական թիմի ծագող աստղ Դոմինիկ Սոբոսլայի գլխավորությամբ, նրանք կարող են անակնկալ մատուցել Լա լիգայի ներկայիս առաջատարին:
Վստահաբար, մեզ հրաշալի դիմակայություն է սպասվում:
B խումբ
«Ինտեր»-«Շախտյոր»
«Ռեալ Մադրիդ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ»
Ամենահետաքրքիր խմբերից մեկն է, որտեղ բոլոր թիմերն էլ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու շանսեր:
«Ինտերը» սեփական դաշտում կփորձի պարտության մատնել «Շախտյորին» և հուսալ, որ «Ռեալ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ» հանդիպումը խաղաղ ելքով չի ավարտվի: Հյուրերի հաղթանակի դեպքում, Լուիշ Կաստրուի գլխավորած ակումբը հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի:
«Ռեալն» իր հերթին, ամեն ինչ կանի գերմանական ակումբին հաղթելու համար, քանի որ դա Իսպանիայի գործող չեմպիոններին հնարավորություն կտա դուրս գալ փլեյ-օֆֆ ՝ անկախ «Ինտեր»-«Շախտյոր» խաղի ելքից:
Իսկ եթե ուկրաինական ակումբը մրցակցի հարկի տակ հաղթի Կոնտեի թիմին, մադրիդյան ակումբն էլ ոչ-ոքի խաղա «Մյունխենգլադբախի» հետ, ապա Զինեդին Զիդանի թիմը հրաժեշտ կտա եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարին և «բարի գալուստ» կասի Եվրոպա լիգային:
Ամենաշահեկան իրավիճակում գտնվում է «Մյունխենգլադբախը», որը 1/8 եզրափակիչ կարող է դուրս չգալ միայն պարտության դեպքում:
Վստահ ենք, որ այս խումբը երկրպագուներին գամելու է էկրանների առջև:
C խումբ
«Օլիմպիակոս»-«Պորտու»
«Մանչեսթեր Սիթի»-«Մարսել»
C խմբում փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներն արդեն հայտնի են: «Մանչեսթեր Սիթին» և «Պորտուն» կարող են պատրաստվել գարնանային մրցափուլին:
«Մարսելը» և «Օլիմպիակոսը» մինչև վերջին վայրկյանը կպայքարեն Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Երկու թիմերն էլ լավ շանսեր ունեն, քանի որ հանդիպում են մոտիվացիա չունեցող մրցակիցների հետ:
Խաղային օրվա ամենապարզ խմբերից մեկն է:
D խումբ
«Այաքս»-«Ատալանտա»
«Միտյուլանդ»-«Լիվերպուլ»
Այստեղ մեկ բան հստակ է. «Լիվերպուլը» կզբաղեցնի առաջին հորիզոնականը, իսկ «Միտյուլանդը» ՝ վերջինը:
Իսկ ահա վերջինն մրցաշրջաններում ամենագրավիչ ֆուտբոլ ցուցադրող ակումբներից մեկը, կարող է լքել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարը:
«Այաքս»-«Ատալանտա» դիմակայությունը խաղային օրվա զարդերից մեկն է լինելու:
Կարող ենք վստահ լինել, որ ականատես կդառնանք հարձակվողական ֆուտբոլի, որտեղ երկու թիմերն էլ խաղալու են «բաց խաղաքարտերով»:
Ցավալի կլինի հրաժեշտ տալ այս երկուսից մեկին, բայց սա է ֆուտբոլի չգրված օրենքը:
Նարեկ Գրիգորյան