Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտ կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Այս մասին երեկ կայացած հեռավար ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ազգային մարզադաշտի կառուցումը 2018 թվականից մեր ուշադրության կենտրոնում է։ Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Այս տարի էլ են եղել։ Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության վրա շատ բան փոխեցին: Դեռ հունիսին ես շատ դրական էի տրամադրված մարզադաշտի կառուցման հետ կապված։ Բայց հիմա` այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը, նորից սկսենք բանակցել ներդրողների հետ: Բայց ասել, որ այս հարցը փակ է, չեմ կարող, որովհետև քննարկումներ կան։ Հուսամ, որ այս քննարկումները հաջորդ տարվա սկզբին առարկայական կդառնան»,-ասաց ՀՖՖ նախագահը: