«Գոռ Երիցյանը մոտ մեկ տարի առաջ է անցկացրել իր վերջին մենամարտը, սակայն դա չի նշանակում, որ նա պատրաստ չէ այսօրվա մարտին: Գոռը սեպտեմբերից գտնվում է ԱՄՆ-ում ու մեծ աշխատանք է կատարել, մարզումային մեծ ցիկլ է անցել»,-այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում նշեց Pucnh Boxing ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր ԱՄՆ-ում կանցկացնի իր հերթական մենամարտը: Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի շոուի երեկոյի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց:
«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մրցակցին ընտրելը բարդ գործընթաց է: Շատ բանակցություններից հետո մենք ընտրեցինք Մոնտեսի տարբերակը: Կար այլ տարբերակ, որ Գոռը կարող էր լինել այս երեկոյի գլխավոր մենամարտի մասնակիցը, սակայն Բրանդն Ադամսը չկարողացավ իջեցնել քաշը, այդ պատճառով կանգ առանք Մոնտեսի տարբերակի վրա:
Պանդեմիայի պատճառով ամերիկյան շատ պրոմոութերներ նվազեցրել են իրենց բռնցքամարտի շոուները, և սա արդեն 2-րդ շոուն է, որը տեղի է ունենալու Wild Card-ում: Հեռուստաընկերություններից կա պահանջարկ, և մի քանի պրոմոութերներ միացել են և կազմակերպել այս երեկոն: Այսինքն Punch Boxing-ը կազմակերպել է Գոռի մենամարտը, և այդ մենամարտի պրոմոութերը հանդիսանում է հենց Punch Boxing-ը»,-պատմում է Արամ Դավթյանը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բռնցքամարտի երեկոն անցկացվելու է առանց հանդիսակաների: Մարզադահլիճում ներկա չի լինելու նույնիսկ Արամ Դավթյանը:
«Նույնիսկ ես չեմ լինելու մարտի ժամանակ: Դիտելու եմ կողքի հյուրանոցի պատուհանից (ծիծաղում է): Անվտանգության կանոնները խստորեն պահպանվում են: Ռինգի մոտ լինելու են ընդամենը երկու հոգի: Ես կարող էի լինել Գոռի հանդերձարանում, բայց չեմ գնացել, քանի որ տարբեր պատճառներ կային: Դրա համար պետք է երկու օր կարանտինում մնայի հյուրանոցում փակված»-նշում է Երիցյանի պրոմոութերը:
«Գոռ Երիցյանը մոտ մեկ տարի առաջ է անցակցրել իր վերջին մենամարտը, սակայն դա չի նշանակում, որ նա պատրաստ չէ այսօրվա մարտին»,- ասում է Արամ Դավթյանը։
«Ես ասեմ, որ չնայած նրան, որ Գոռը մոտ մեկ տարի առաջ է արել իր վերջին մենամարտը, դա չի նշանակում, որ նա պատրաստ չէ: Գոռը սեպտեմբերից գտնվում է ԱՄՆ-ում ու մեծ աշխատանք է կատարում: Նա սպարինգների մեծ ցիկլ է անցել և նրա համար խնդիր չէ, թե երբ է եղել վերջին մենամարտը: Ինքն այդ սպարինգների ընթացքում շատ փորձառու տղաների հետ է մարզվել: Լավ մարզավիճակում է: Տրամադրությունը մարտական է, և անհամբեր սպասում է մենամարտին»:
31-ամյա փորձառու Մոնտեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է: Երիցյանը, հիշեցնենք, անցկացրած բոլոր 13 մենամարտերում հաղթանակ է տարել: Չնայած մրցակցի պարտություններին, Արամ Դավթյանի խոսքով Գոռին ծանր մենամարտ է սպասվում:
«Գոռի մրցակիցը՝ չնայած մի քանի պարտությունների, շատ փորձառու բռնցքամարտիկ է: Նախ ասեմ, որ չպետք է թերագնահատել մրցակցին: նա բոլորովին թույլ չէ, մեքսիկական ոճով բռնցքամարտիկ է: Առաջին հերթին լավ է, որ երկար դադարից հետո Գոռն իրեն կզգա ռինգում: Դա է պետք առաջին հերթին իր համար: Ամեն մենամարտ կախված է նրանից, թե բռնցքամարտիկը ինչպես է իրեն ցուցադրում ռինգում: Ես հուսով եմ, որ Գոռը ցույց կտա իր ունակությունները և բոլորս կհպարտանանք իր մենամարտով:
Նորից ասեմ, որ այստեղ ցանկացած բռնցքամարտիկ գնում է մինչև վերջ: Չի կարելի ասել, որ եթե ունի պարտություններ, ուրեմն շանս չունի հաղթելու: Անցկացրած 46 մենամարտն արդեն խոսում է այն մասին, որ մրցակիցն ունի հսկայական փորձ»,-ասում է Արամ Դավթյանը:
Հիշեցնենք, որ Punch Boxing ընկերությունն է ներկայացնում նաև Նարեկ Աբգարյանը: Վերջինս, ամենայն հավանականությամբ, այս ամիս նույնպես մենամարտ կանցկացնի.
«Նարեկի մասով, հիմա կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Ունենք 2 տարբերակ, որպեսզի փորձենք հաջորդ շոուի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին նրա համար մենամարտ կազմակերպել: Հավանական մրցակիցներ կան: Եթե տեխնիկական հարցերը չլուծվի, ապա կփորձենք տարեվերջին Նարեկի համար մենամարտ կազմակերպել Սակտ-Պետերբուրգում»-եզրափակեց Դավթյանը: