Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի երկրորդ խաղային օրը մի շարք հետաքրքիր դիմակայություններ է խոստանում:
H և F խմբերում ականատես կլինենք թեժ պայքարի, իսկ E և G խմբերում ամեն ինչ հանդարտ է, ինչպես երբևէ:
Armsport-ը ձեր դատին է հանձնում այս և այլ ուշագրավ հանդիպումների համառոտ անոնսն ու խմբերի մրցաշարային աղյուսակները:
E Խումբ
«Կրասնոդար»-«Ռեն»/ 21:55
«Սևիլյա»-«Չելսի»/ 23:55
Այս խմբում գերիշխող դիրք են զբաղեցնում «Չելսին» և «Սևիլյան»:
Նրանք արդեն դուրս են եկել 1/8 եզրափակիչ և իրար հետ խաղում որոշելու են առաջին հորիզոնականի հարցը:
Իսկ ահա «Կրասնոդարը» և «Ռենը» կպայքարեն Եվրոպա լիգա դուրս գալու համար:
Այս խաղում բավական լավ հնարավորություններ ունի ռուսական ակումբը, որը խաղում է սեփական հարկի տակ:
Մուրադ Մուսաևը լավատեսության ևս մեկ կաթիլ ունի. խաղադաշտ է վերադարձել ակումբի առաջատար հարձակվող Արին, ով ապաքինվել է ծանր վնասվածքից:
F խումբ
«Բրյուգե»-«Զենիթ»/ 23:55
«Բորուսիա Դորտմունդ»-«Լացիո»/ 23:55
Էրլինգ Հոլանդի (նորվեգացի վիկինգի) գոլային արշավանքները շարունակվում են:
Այս անգամ, նրա հաջորդ «զոհը» կարող է դառնալ Հռոմը ներկայացնող ակումբը:
Նույնիսկ ոչ-ոքին «մեղուներին» դուրս կբերի ՉԼ-ի փլեյ-օֆֆ, իսկ ահա Սիմոնե Ինձագիի թիմին հաղթանակ է հարկավոր՝ 1/8 եզրափակչում իր տեղը ապահովելու համար:
Չիրո Իմոբիլիեն և նրա թիմակիցներն ամեն ինչ կանեն, որ երկար տարիների դադարից հետո իտալական ակումբը դուրս գա հաջորդ փուլ:
Ինչ վերաբերում է բելգիական ակումբին, ապա Ֆիլիպ Կլիմենտի թիմը նախ պետք է հաղթահարի «Զենիթի» արգելքը, ապա ուշի-ուշով հետևի զուգահեռ ընթացող խաղին:
G խումբ
«Ֆերենցվարոշ»-«Բարսելոնա»/ 23:55
«Յուվենտուս»-«Դինամո Կիև»/ 23:55
G խմբում գրեթե բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրված են:
Ամենայն հավանակայնությամբ, խմբային փուլի վերջին տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակն այս խմբում նույն տեսքը կունենա:
Այսպիսով, առաջիկա հանդիպումները փորձարարական դաշտ են ստեղծում գրանդների համար:
ՉԼ-ում տոնած հաղթանակները նրանք կփորձեն տեղափոխել ներքին առաջնություններ, որտեղ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» զգալի խնդիրներ ունեն:
«Ֆերենցվարոշը» և Կիևի «Դինամոն» ստիպված են բավարարվել երրորդ տեղի համար պայքարով:
H խումբ
«Իստամբուլ»-«Լայպցիգ»/ 21:55
«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ/ 23:55
H խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է տեսողական խաբկանքի էֆեկտ թողնել:
Դեռ վիճակահանությունից առաջ պարզ էր, որ խմբից դուրս գալու համար պայքարելու են բոլորը ՝ բացի թուրքական ակումբից: Այդուհանդերձ, նույնիսկ Օքան Բուրուքի գլխավորած ակումբն էլ կարող է 1/8 եզրափակիչ դուրս գալու հույսեր ունենալ:
ՄՅՈւ-ի նորեկ Էդինսոն Կավանին հանդիպելու է իր նախկին թիմակիցներին: Կարծում եմ ՝ կարիք չկա բացատրել, թե որքան մոտիվացված է լինելու ուրուգվայցին:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ նրա բաժանումն ամենափափուկներից չէր:
Սուլշերի թիմը նույնիսկ ոչ-ոքիի դեպքում կգրավի փլեյ-օֆֆում խաղալու իրավունք, իսկ «Լայպցիգը» և ՊՍժ-ն մինչև վերջին շունչը պետք է պայքարեն բաղձալի ուղեգրի համար:
Նարեկ Գրիգորյան