Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Բորուսիա» Մյունխենգլադբախը հյուրընկալել էր «Ինտերին»։
Անտոնիո Կոնտեի թիմին միայն հաղթանակ էր պետք փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսեր պահպանելու համար։ 17-րդ րոպեին «ներաձուրիներն» առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Մատեո Դարմիանը։ Առաջին կեսի վերջում Ալասանե Պլեան հավասարեցրեց հաշիվը։
64-րդ րոպեին «Ինտերին» առաջ մղեց Ռոմելու Լուկակուն։ 73-րդ րոպեին Լուկակուն դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։ 76-րդ րոպեին Պլեան կրճատեց հաշվի տարբերությունը։ 83-րդ րոպեին Պլեայի հարվածից հետո գնդակը դարձյալ հայտնվեց Սամիր Հանդանովիչի դարպասում, սակայն VAR համակարգի միջոցով գոլը չեղարկվեց։
«Ինտերը» խելահեղ պայքարում 3-2 հաշվով հաղթեց «Բորուսիային» ու միավորների քանակը հասցրեց 5-ի։ «Բորուսիա» Մյունխենգլադբախը մնում է վաստակած 8 միավորով։ «Շախտյորն» ու «Ռեալը» 7 միավոր ունեն։
Վերջին տուրից առաջ բոլոր 4 թիմերը պահպանում են շանսերը փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։ Վերջին տուրում «Ռեալը» տանը հյուրընկալելու է «Բորուսիային», իսկ «Ինտերը» «Շախտյորին»։