Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է անգամ ոչ լիարժեք նախապատրաստական փուլ անցնելուց հետո կռիվ տալու Աշխարհի անհատական գավաթում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչներից Գևորգ Ալեքսանյանը։
«Թիմը պատրաստվում է Աշխարհի անհատական գավաթի առաջնությանը։ Մեր հավաքականի մարզիչներից երկուսը առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցում հավաքին, այդ իսկ պատճառով այսօր ես եմ հրապարակում կազմը։ Փորձելու ենք 9-10 ամսվա այսքան մեծ ընդմիջումից հետո վերսկսել մարզումները։ Այստեղ անգամ ըմբիշ կա, ով մեկ տարի մրցումային պրոցես չի անցել։
Նախապատրաստման փուլը հայտնի պատճառներով այլ կերպ անցավ։ Ունեինք հավաք, որն անցկացվելու էր արտերկրում, նաև պետք է մասնակցեինք միջազգային մրցաշարի, սակայն այդ միջոցառումները չեղարկվեցին։
Ես գտնում եմ, որ նախարարությունը կամ չկարողացավ, կամ լուրջ չմոտեցավ մեր պահանջներին։ Մենք ուզում էինք գոնե մեկ մրցաշարի մասնակցել։ Նման մրցաշար եղավ Լեհաստանում, սակայն թույլտվությունը ուշ ստացանք ու չկարողացանք մասնակցել։ Այս առումով ես գտնում եմ, որ նախապատրաստման փուլը լիարժեք չենք անցել, բայց դա չի խանգարելու մեզ, որպեսզի գնանք կռիվ տալու։ Մենք միշտ պատրաստ են եղել անգամ կիսապատրաստ վիճակում անել առավելագույնը»,-ասաց Ալեքսանյանը։
Հավաքականը հստակ նպատակով է մեկնում Բելգրադ։ Ալեքսանյանի խոսքով՝ նպատակը մեր ազգին նորից փոքր ու մեծ հաղթանակներ պարգևելն է․
«Մանավանդ այս իրավիճակում մենք պետք է անենք առավելագույնը։ Նպատակը մեր ազգի տրամադրությունը բարձրացնելն է, նորից փոքր ու մեծ հաղթանակներ պարգևելը։ Մեզ պետք է ամեն բնագավառներում նորից հաղթանակներ տանել, որպեսզի հաղթահարենք այն հոգեբանական վիճակը, որը հիմա կա։ Տղաների տրամադրվածությունը այս առումով ևս լավ է»,-ասաց Ալեքսանյանը։
Հավաքականի տղաները սպորտի բնագավառում մեծ անելիք ունեն հայրենիքի համար։ Ալեքսանյանի խոսքով՝ պատերազմի օրերին տղաները պատրաստ են եղել մեկնելու առաջնագիծ, սակայն մարզական դաշտը ամբողջությամբ բաց թողնելն էլ ճիշտ չէ։
«Պետք է գործադրենք մեծ ջանքեր, որպեսզի բոլոր բնագավառներում մեր երկրին պարգևենք նոր հաղթանակներ, բարձրացնենք ժողովրդի ոգին, նվիրվածությունը, հանենք ընկճվածությունը։ Ծնկել ենք, բայց պետք է բարձրանանք ու քայլենք առաջ»,-եզրափակեց Ալեքսանյանը։
Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ից 18-ը Բելգրադում։
Արամ Սահակյան