Հայ մարզիկներից մեկը, ով ցանկացել է դեռևս անանուն մնալ, ցանկանում է Քեմալ Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը փոխանակել հայ գերիների հետ, հայտնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
«Մեր շատ սիրելի հայրենակիցը 1981 թվականին Անկարայում ԽՍՀՄ թիմի կազմում մասնակցել է Քեմալ Աթաթուրքի անվան մրցաշարին ու Թուրքիայի հողում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նվաճել է նրա անվանական ոսկե մեդալը: Ի դեպ, Թուրքիայում ժողովրդի հայր համարվող եւ պաշտամունքի առարկա Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը նախկին ԽՍՀՄ-ում եւ, հասկանալի է, Հայաստանի Հանրապետությունում, ունի միայն հայաստանցի մարզիկը:
Եվ հիմա նա դիմում է այդ պետությանը, որ եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը ժամանակակից Թուրքիայի ղեկավարի ու ժողովրդի համար դեռ ազգային արժեք է, ապա Էրդողանին, որն այս պատերազմը փաստացի անձամբ էր ղեկավարում, առաջարկում է՝ իրենց երկրի խորհրդանիշի բացառիկ ոսկե մեդալը, փոխանակել մեր գերիների հետ: Իսկ թե քանիսի՞, կարելի է բանակցել:
Էրդողանի եւ նրա փոքրիկ եղբոր՝ Ալիեւի համաձայնել-չհամաձայնելուց կերևա նաեւ, թե թուրքերի համար իրենց «հայրը» այսօր որեւէ արժեք ունի՞»,-ասել է Աղեկյանը Հայելի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։